Ես երբեք «կուռտկայով» ելույթ չեմ ունեցել. Արթուր Իսպիրյան

Երեւանում անցկացվող ամանորյա միջոցառումները տարատեսակ քննարկումների առիթ են դարձել: Նախ հայտնի դարձավ, որ կառավարությունը պահուստային ֆոնդից 271 մլն է հատկացնում տոնակատարությունների համար, որին գումարվում է նաեւ համայնքային բյուջեի 54 մլն դրամը: Քննարկումներն առավել թեժացան, երբ հայտնի դարձավ, որ Նոր տարվա գիշերը Հանրապետության հրապարակում երգող Գորան Բրեգովիչին վճարվելու է 65 հազար եվրո:

Այնուհետ, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ծախսը շատ չէ՞, պարզաբանել էր. « Եթե մենք ուզենայինք Ամանորին Հանրապետության հրապարակում չունենալ նոր բառերով, տեքստերով, նոր գործիքավորմամբ, հարյուրավոր կարված զգեսնտերով համերգ-մյուզիքլ, այլ դրա փոխարեն երկու արտիստ իրենց տանից եկած «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում»:

Տիգրան Վիրաբյանի այս հայատարարությանը ֆեյսբուքի միջոցով պատասխանեց երգիչ Նարեկ Բավեյանը: Նա, մասնավորապես, ասել էր, որ «կուռտկաներով» են երգել, որովհետեւ հրապարակում ցուրտ է եղել, պայմաններ չեն եղել, թեեւ երգիչը հրապարակել էր լուսանկար, որտեղ նախորդ տարի «կուռտկայով» չի երգել: Նա անդրադառնալով  ֆոնոգրամա-պլյուսով երգելուն ասել էր, թե կազմակերպիչներն են պահանջել, որ Հանրայինով ուղիղ եթե տալուց որակյալ ձայն լինի:

Թեմայի շուրջ ArmDay.am-ը զրուցել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանի հետ:

-Պարոն Իսպիրյան, ինչու՞ հենց Գորան Բրեգովիչը եւ ոչ, թե հայ աստղերը: Այս հարցին Դուք կարո՞ղ եք պատասխանել: 

-Հայ ո՞ր աստղը, օրինակ: Համաշխարհային ճանաչում ունեցող է:

-Հայ աստղերը չեն հասնու՞մ նրան: 

-Մեր աստղերը համաշխարհային ճանաչում ունեն դասական երաժշտության մեջ: Օրինակ Սերգեյ Խաչատրյանը, Տիգրան Համասյանը: Ունենք, բայց չգիտեմ, այդ որոշումը ես չեմ կայացրել:

-Մեր երգիչները չէին կարո՞ղ այդ տոնական մթնոլորտն ապահովեին:

-Ի՞նչ ասեմ: Կարո՞ղ էին: Ձեր կարծիքով ո՞վ կարող էր ապահովել:

-Կարո՞ղ էին ապահովել: Այսինքն՝ մեր երգիչների ստեղծագաործությունները բարձրորակ չե՞ն: 

-Հիմա ինձ ու՞ր եք տանում: Տանում եք այնպիսի տեղ, որ ասեմ նա ավելի բարձրաճաշակ է, քան մեր աստղերը: Ինձ նման հարցեր մի տվեք: Ես բոլոր աստղերին գիտեմ, ես «Հանրային» ռադիոյի արխիվի տնօրենն եմ եւ լավ տիրապետում եմ մեր նախկին աստղերին եւ հիմիկվա աստղերին: Լավ է արել եկել է, շատ լավ է արել:

-Պարոն Իսպիրյան, օրինակ երգիչ Նարեկ Բավեյանն անդրադառնալով փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի այն հայտարարությանը, որ հայ երգիչները «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով են երգում, ասել էր, որ երեբեք հայ երգիչներից չեն հետաքրքրվել, թե ինչ տեխնիկա պետք է ապահովեն համերգի համար: Սա ինչպե՞ս եք մեկնաբանում, արդյո՞ք խնդիր կա այս հարցում:

-Ես չգիտեմ, թե ինչից եք խոսում: Իմ տեխնիկական չափանիշները ես եմ պահանջում ու ստանում եմ: Ես երբեք կուռտկայով ելույթ չեմ ունեցել եւ չեմ ունենա:

-Նարեկ Բավեյանն, օրինակ, ասում է՝ հրապարակին, այդ ցրտին ինչո՞վ երգեն, երբ բեմը չի տաքացվում:

-Իր ասածը իրեն փոխանցեք: Մինչեւ հիմա ոնց են ելույթ ունեցել: Բացօթյա բեմը ո՞նց տաքացնեն: Այսքան տարի ելույթ եմ ունեցել, նման խնդիր չենք ունեցել: Ինչու է այդ խնդիրը հիմա առաջ գալիս: Ես ամբողջ կյանքում անվճար եմ երգել, որովհետեւ չեմ կարող առանց երգի:

armday.am