Ակտիվիստ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Հայրապետյանը գիտի, որ իսկական ընկերությունն արժեք է և ոչ թե գին… Ռուբեն Հայրապետյանը չհրաժարվեց թե՛ բանտում գտնվող ընդդիմադիր գործչի հետ ընկերությունից և թե՛, իսկական ընկերոջը վայել կերպով, չհրաժարվեց գահընկեց եղած, մերժված Սերժ Սարգսյանի հետ ընկերությունից։
Ցավոք, նման բացառիկ ընկերության օրինակները Հայաստանում շատ քիչ են։ Որպես կանոն, իշխանության մեջ եղած մարդիկ հրաժարվում են նախ ընդդիմադիր իրենց ընկերներից, այնուհետև գահընկեց եղած իշխանավոր ընկերներից։ Ռուբեն Հայրապետյանի ընկերության օրինակն արժանի է համարել՝ որպես իսկական ընկերության էտալոն։
Երբ, 2015 թ.-ին Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում ակցիա իրականացրեցի խաղադաշտում՝ ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին կարգախոսով, ՀՖՖ-ն խնդիրներ ունեցավ միջազգային կառույցների հետ և կարգապահական տույժի ենթարկվեց։ Հաջորդ ֆուտբոլային հանդիպմանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անձամբ մոտեցավ տրիբունային և ինձ կանչեց իր մոտ։
Չնայած այն հանգամանքին, որ ես որոշ չափով տեղյակ էի հորս և Ռուբեն Հայրապետյանի միջև մտերմիկ հարաբերություններին, այնուամենայնիվ սպասում էի, որ նա պետք է նախատեր նախորդ խաղի ընթացքում իմ իրականացրած ակցիան, բայց, ի զարմանս ինձ, Ռուբեն Հայրապետյանը շատ նորմալ էր ընդունել իմ պայքարը հորս և իր ընկերների ազատության համար և նույնիսկ ասեց, որ նա իմ հոր ընկերն է, այնուհետև ներկայացրեց ՀՖՖ֊ի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը և նշեց, որ ինչ արել ես, անցյալում է և նորի կարիքը չկա։
Ինձ բացատրեց, որ նույնի կրկնության պարագայում Հայաստանը միջազգային կառույցների կողմից լուրջ պատժամիջոցների կենթարկվի։ Այդ ժամանակ, երբ շատերը, որոնց ես առավել գիտեի՝ որպես հորս ընկերներ և մտերիմներ, շատ դեպքերում խուսափում էին մեզնից և Շանթի հետ ընկերությունից, բայց ես այդ պահին հպարտ զգացի, որ Ռուբեն Հայրապետյանը՝ լինելով իշխանության մեջ կամ հետ, չխուսափեց ասել որ իմ հոր ընկերն է»։