168.am-ի հարցազրույցը «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի հետ:
– ՀՀ պետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է «ՀՀ սոցիալական պատկերը» վերտառությամբ զեկույց, որտեղ ասվում է, թե Հայաստանում աղքատության մակարդակը 2010 թվականից ի վեր կայուն անկում է գրանցել՝ 2018թ. հասնելով 23.5 տոկոսի, ինչը նշանակում է, որ 2017թ. համեմատ՝ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով: Որքանո՞վ է սա իրատեսական, գուցե աղքատության ցուցանիշն ավելի՞ն է, քան ներկայացվում է:
– Խնդիրը նախ պետք է դիտարկել մեթոդաբանական տիրույթում: Երբ խոսում ենք աղքատության մասին, ապա պետք է նկատի ունենանք ոչ միայն՝ եկամտային ցուցանիշները, այլ նաև՝ ծառայություններից օգտվելու և կյանքի որակը սահմանող այլ չափորոշիչները: Ավանդաբար դրանց շարքի են դասվում բնակարանային պայմանները, առողջապահությունը, կրթությունն ու աշխատանքը: Այս առումով Հայաստանում պատկերը՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ այսօր, շարունակում է չափազանց տխուր մնալ: Բավական է նշել, որ բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ ազգաբնակչության մոտ 50%-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր: Հատկանշական է, որ այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները: Ըստ եղած տվյալների՝ երեխաների շրջանում բազմաչափ աղքատությունը գերազանցում է 60%-ը: Խոշոր հաշվով, համադրելով տարբեր տվյալներ ու բազմաչափության սկզբունքը պահպանելով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանում ամեն երրորդ քաղաքացին աղքատ է: Այստեղ, իհարկե, ևս անհրաժեշտ է սեգմենտավորում անցկացնել՝ բաժանելով սոցիալապես անապահով բնակչությանը երեք շերտի՝ աղքատների, շատ աղքատների ու ծայրահեղ աղքատների:
Սակայն երեք շերտերում էլ մենք ունենք մի իրավիճակ, երբ մեկ մարդու միջին ամսական ծախսը կազմում է մոտ 45 հազար դրամ, ինչը, սակայն, մոտ 10 հազար դրամով քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից: Ու առավել վտանգավոր է այն հանգամանքը, որ այս խնդիրն առկա է ոչ միայն աղքատների շրջանում, այլ նաև հասարակության այն սեգմենտներում, որոնք չեն դասվում աղքատների շարքին: Սա վկայում է այն բանի մասին, որ Հայաստանում չի ձևավորվել միջին խավը, իսկ աղքատների ու հարուստների միջև անջրպետը հսկայական է: Իհարկե, ելնելով 2018թ. ի վեր Հայաստանում հրամցվող հպարտ ու երջանիկ քաղաքացու կոնցեպտից, ինչպես նաև՝ դրան պարբերաբար սնուցելու անհրաժեշտությունից, իշխանությունները պետք է պարբերաբար խոսեն աղքատության կրճատման մասին, սակայն ակնհայտ է, որ այստեղ մենք հաճախ գործ ունենք պոպուլիստական դիսկուրսի հետ:
Ակնհայտ է, որ աղքատության կրճատումը պետք է լինի երկրի համալիր զարգացման ու մոդեռնիզացման արդյունք, այլ ոչ թե սահմանափակվի միայն Սոցապ նախարարության կողմից իրականացվող ծրագրերով: Ի վերջո, նման ծրագրերը լավագույն դեպքում կարող են թույլ տալ աղքատներին ապահովել իրենց գոյատևումը, սակայն դրանք երբևէ չեն բերի սոցիալական մոբիլության, չեն խաղա սոցիալական լիֆտի դեր: Ուստի աղքատությունը պետք է ընկալել՝ որպես երկրի տնտեսական զարգացման հայելի, իսկ տնտեսական զարգացումը հնարավոր չէ ապահովել միայն պսևդոհեղափոխական հռետորաբանություն բանեցնելով ու խնայողության մասին կոչերով:
– Ըստ նույն այդ զեկույցի՝ 2017թ. ՀՀ-ի տնտեսության աճը 2016թ. նկատմամբ կազմել է 7.5 %, իսկ 2018թ.՝ նախորդ տարվա նկատմամբ՝ 5.2 %: Մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ 2020-2022թթ. ժամանակահատվածում հասնելու ենք, համապատասխանաբար՝ 7, 8 և 9 տոկոս տնտեսական աճի: Համոզի՞չ են այս վստահեցումները:
– 2020-2022թթ. նման թռիչքաձև աճ ապահովելու համար արդեն այսօր մենք պետք է տեսնենք դրա նախադրյալները, որոնք չկան: Տնտեսական աճը չի կարող ընդամենը մեկ տարվա ընթացքում բարձրանալ մի քանի տոկոսով: Աճը պետք է լինի օրգանական, հետևողական բնույթի: Հակառակ դեպքում՝ մենք մտնում ենք պոպուլիզմի դաշտ ու խոսում ինչ-որ գոյություն չունեցող կախարդական փայտիկի մասին: Հարցը կրկին մեթոդաբանական դաշտ տանենք: Տնտեսական աճը, ինչպես հայտնի է, լինում է էքստենսիվ ու ինտենսիվ: Առաջինի դեպքում խոսքը գնում է դինամիկ աճի մասին, որն ապահովվում է մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների ավելի ու ավելի մեծ ծավալների օգտագործման հաշվին: Մինչդեռ ինտենսիվ աճը ենթադրում է, նախևառաջ՝ տնտեսական արդյունավետության բարձրացում՝ արտադրողականության աճի, ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հաշվին: Ակնհայտ է, որ երկրորդ մոդելը շատ ավելի նախընտրելի է երկարաժամկետ պլանավորման ու կայունության տեսանկյունից: Սակայն այս մոդելը պահպանողական է, ուստի դրա պարագայում որևէ թռիչքաձև աճի մասին խոսք լինել չի կարող:
Ավելին, հայտարարված աճն ապահովելու համար հույժ անհրաժեշտ է տաղանդավոր տեխնոկրատական թիմ, սակայն վարչապետի վերջին դիտարկումն այն մասին, որ նախարարություններից եկող գրությունները կարծես դպրոցականների կողմից գրվեն, վկայում է կառավարությունում առկա խորքային կադրային ճգնաժամի մասին: Հետևաբար՝ չկա նաև նշված տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ մարդկային ու մասնագիտական ռեսուրսը: Եվ եթե վարչապետը խոսում է պետական կառավարման համակարգի անարդյունավետության ու այդ համակարգի արմատական վերանայման մասին, ապա կարող ենք նաև մեկ այլ կարևոր հետևություն անել, մասնավորապես՝ վերջին 1,5 տարին, փաստորեն, վատնվեց հենց այնպես, առանց որևէ համակարգային արդյունքի:
– Դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստից պարզ դարձավ, որ Հայաստանը՝ չորս վարկային համաձայնագրերի վավերացմամբ, կստանձնի լրացուցիչ 152 մլն դոլարի պարտավորություն: Ընդ որում, վարկերը ձևակերպված են եվրոյով, որովհետև վստահեցնում են, որ այդպես ավելի լավ պայմաններով է վարկը տրվել, և, որ մեր բյուջեում ճեղքը հենց այսչափ է: Ժամանակին շատ էին խոսում նախկին իշխանությունների ոչ նպատակահարմար վարկային բեռի մասին, նոր ՀՀ-ում որքանո՞վ է արդարացված վարկային միջոցների ներգրավումը: Եվ արդյո՞ք կարիք չունենք դրանց արդյունավետությունը ստուգող հանձնաժողովի ստեղծման:
– Պետական պարտքի շարունակական կուտակումն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Ռիսկեր, որոնք ակներև չեն այսօր, սակայն վաղը կարող են մեզ փակուղի տանել: Առհասարակ, երբ իշխանությունները խոսում են այն մասին, որ վարկային բեռն ամենևին էլ ռիսկոգեն չէ, ավելին՝ այն զարգացման համար նոր հնարավորություններ է ստեղծում, ապա պետք է փաստել, որ նման դեպքերում մենք գործ ունենք ակնհայտ մանիպուլյացման փորձերի հետ: Մակրոտնտեսության ոլորտում քիչ թե շատ գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր մարդու համար պետք է պարզ լինի, որ պետական պարտքը կարող է դրական տնտեսական ազդեցություն ունենալ միայն զարգացած պետություններում:
Օրինակ, ԱՄՆ-ում պետական պարտքի՝ 22 տրիլիոն դոլարին հասնելն ընկալվում է՝ որպես տնտեսության զարգացման կարևոր գործոն: Ինչ վերաբերում է զարգացող պետություններին, որոնց շարքին կարող ենք դասվել նաև մենք, ապա պետական պարտքի գոյացումը կարող է անգամ տանել տնտեսական կոլապսի, հատկապես՝ պարտքի ապաշնորհ կառավարման դեպքում, ինչպես, օրինակ, Հայաստանում, երբ պայմանագրով նախատեսված տոկոսային մարումներն արդեն իրականացվում են, սակայն վարկային ծրագիրը ոչ միայն չի բերել որևէ դրական արդյունքի, այլ առանձին դեպքերում՝ անգամ չի էլ մեկնարկել: Ըստ որոշ հետազոտությունների՝ եթե զարգացող պետություններում արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50-55%-ը, ապա որոշ ժամանակից սկսած դա անխուսափելիորեն բերում է տարեկան ՀՆԱ-ի անկմանը 2%-ի չափով:
Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին պարտքի կառավարման խնդիրն անհրաժեշտ է դիտարկել հենց այս համատեքստում: Ավելին, անցումային տնտեսությունների համար արտաքին պարտքի ավելացումը նվազեցնում է պետության իմունային համակարգն արտաքին բացասական ռիսկերի, ֆինանսական ճգնաժամերի հանդեպ:
– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ էներգետիկ քաղաքականությունը, որքանո՞վ է այն արդյունավետ: Վարչապետը հաճախ է արևառատ մարզեր գնալիս հորդորում արևային էներգիայի սարքերից օգտվել: Տարվող քաղաքականության և առկա պայմաններում արևային էներգիայի մասնաբաժնի ապահովման քանի՞ տոկոսն է իրատեսական էներգիայի արտադրության մեջ: Կառավարությունը խոսում է 10 տոկոսի մասին՝ մինչև 2026-ը: Իսկ արդյո՞ք արդյունավետ չի լինի Հայաստանում քամու էներգիան օգտագործել:
– Այն, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգի դե ֆակտո բացակայության պայմաններում ոլորտի 2020-2040 թթ. զարգացման ծրագիրը վստահվել է USAID-ին, հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանում էներգետիկան շարունակում է ընկալվել ազգային անվտանգության ապահովման համատեքստից դուրս:
Առհասարակ, էներգետիկայի պես բարդ ու անվտանգային նշանակության համակարգերի կայուն ֆունկցիոնալության համար նախ և առաջ՝ անհրաժեշտ է ապահովել դրանց կառավարման դոկտրինալ շերտը, նոր միայն՝ զարգացման ծրագրերը: Հակառակ դեպքում համակարգն ապաանվտանգայնացվում է, դառնում անողնաշար: Էներգետիկան կարգավորող առանձին գերատեսչության բացակայությունը կրկին վկայում է համակարգն անվտանգային դիսկուրսից դուրս դիտարկելու մասին: Օրինակ, Վրաստանում արդեն սկսում են հասկանալ 2017 թ. նԷերգետիկայի նախարարության լուծարման բոլոր բացասական հետևանքները, իսկ խորհրդարանը դիմել է վարչապետ Գախարիային Էներգետիկայի նախարարությունն ՜կոնոմիկայի նախարարությունից անջատելու առաջարկությամբ: Վրացական փորձը մատնանշելն այս համատեքստում առավել կարևոր է, քանի որ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների փաթեթի քննարկումների ժամանակ իշխանության կողմից ամեն պատեհ ու անպատեհ առիթով վկայակոչվում էր վրացական success story-ն։
Ինչ վերաբերում է վերականգնվող էներգետիկային, ապա երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումն անվտանգային մարտահրավեր է: Սակայն պետք է նախ հասկանալ, թե որ կոնվենցիոնալ հզորությունների հաշվին է իրականացվելու երկրի հելիոֆիկացիայի ծրագիրը, և որքան է դրա իրականացման արդյունքում կազմելու էլեկտրաէներգիայի գեներացման կառուցվածքում յուրաքանչյուր բաղադրիչի կշիռը: Հաշվի առնելով այն, որ Հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման աշխատանքներն ավարտված են, ու կայանը միացված է ցանցին, իսկ Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու է գալու Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը, հիմնական ռիսկերը կրելու է հիդրոէներգետիկան, որը, ի դեպ, ԱԷԿ-ի հետ մեկտեղ՝ ապահովում է երկրում ամենաէժան գեներացիան: Անհրաժեշտ է ի մի բերել կոնվենցիոնալ և վերականգնվող էներգետիկայում իրականացվող բոլոր ծրագրերը՝ ձևավորելով երկրի էներգետիկ բալանսի միջնաժամկետ և երկարաժամկետ կառավարման ռազմավարությունը:
Ամեն դեպքում, օրերս հրապարակված էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ռամավարությունից պարզ է դառնում, որ իշխանությունները սկսել են ավելի սկեպտիկորեն գնահատել արևային էներգետիկայի զարգացումը: Ռազմավարության մեջ նշված է, որ մինչև 2026թ. արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ պետք է հասցնել 10%-ի, մինչդեռ 2019թ. կառավարության ծրագրով նախատեսվում է այդ ցուցանիշն ապահովել մինչև 2022թ.:
Ակնհայտ է, որ առանց կուտակիչ կայանների՝ նպատակահարմար չէ ունենալ արևային էներգիայի մեծ մասնաբաժին: Սակայն այդ կուտակիչ կայանների արժեքը ներկայումս տնտեսապես ձեռնտու չէ, ու այդ փաստի արձանագրումը ռազմավարության նախագծում, թերևս, կարող է անվտանգության բարձիկ ապահովել իշխանությունների համար արևային էներգետիկայում հնարավոր ֆիասկոյի դեպքում: Ինչ վերաբերում է հողմային էներգետիկային, ապա հողմային կայանների ներուժը Հայաստանում տեսականորեն կարող է 5000 ՄՎտ-ի հասնել, սակայն դա ամենևին չի նշանակում, որ այդ ներուժի ամբողջական օգտագործումը տնտեսապես նպատակահարմար է: Բազային խնդիրն այստեղ կայանում է լոգիստիկայի մեջ: Մասնավորապես՝ Հայաստանում սահմանափակ են տուրբինների տեղադրման համար շինարարական մեքենաները, ինչպես նաև սահմանափակ են այդ տուրբինները քամիներով առատ լեռնային վայրեր հացնելու համար ճանապարհները:
– Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրեր առաջ վստահեցրեց՝ գազի գինը մինչև ապրիլ չի բարձրանա, թեպետ բանակցությունները դեռ ավարտված չեն: Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթինտվածհարցազրույցումվարչապետն ասել էր, թե ՀայաստանինմատակարարվողգազիգնիհարցումՀայաստաննուՌուսաստանըկհանգենդաշնակցայինորոշման: Ի՞նչ սպասել ապրիլից հետո, և ո՞ր դեպքում այդ գինը կարելի է համարել դաշնակցային:
– 2020 թ. գարնանը սահմանին գազի գնի հնարավոր աճի դեպքում շատ դժվար է լինելու զսպել ներքին սակագները: Նույն «Գազպրոմ-Արմենիան» ստիպված կլինի արդեն ոչ միայն գնալ աշխատակիցների կրճատումների, ինչպես այսօր, այլև արմատապես վերանայել իր ներդրումային ծրագիրը, ինչը ևս իր մեջ լրջագույն անվտանգային ռիսկեր է պարունակում: Չմոռանանք, որ այդ ծրագրի առանցքային կետերից է Աբովյանի ստորգետնյա գազի պահուստարան-կայանի հնարավորությունների ընդլայնումը, ինչն ուղղակիորեն բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից: Եթե անգամ ինչ-ինչ արհեստական միջոցներ ստեղծվեն՝ երկրի ներսում սակագների աճը զսպելու համար, միևնույն է՝ դա անխուսափելիորեն արվելու է պարտքի շարունակական կուտակման ճանապարհով (ինչպես 2011-2012 թթ.), որի մարումը, հավանաբար, գույքի տեսքով, դրվելու է հաջորդ իշխանության ուսերին:
Ներկայումս անհրաժեշտ է բանակցել ոչ միայն սահմանին գազի գնի շուրջ, այլև օրակարգ բերել 2013 թ. հայտնի գազային համաձայնագրերի առանձին խնդրահարույց դրույթների վերանայման հարցը, քանի որ դրանք էապես սահմանափակում են երկրում սոցիալակենտրոն ու ազգային էներգետիկ քաղաքականություն իրականացնելու ռեսուրսը: Խոսքը, մասնավորապես, 9% եկամտաբերության ներքին նորմայի, «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման և որոշ այլ դրույթների մասին է: