Կառավարման համակարգում հերթական փոփոխությունն է տեղի ունենում. լուծարվում է Պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատը, որի աշխատակիցները ոստիկաններ են:
168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այնտեղ հիմա մասշտաբային կրճատում է տեղի ունենում, և մինչև դեկտեմբերի 16-ը կրճատվելու է մոտ 800 հոգի:
«Հիմա, որպեսզի մարդկանց աշխատանքից չազատեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով, որն է՝ Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ, մարդկանց պարտադրել են դիմումներ գրել և նշել, որ այլ աշխատանքի են անցնում:
Ապօրինությունն այն է, որ վերոնշյալ հոդվածով արձակման նպաստ չեն տալու: Բոլորի դիմումները գրված են, անձնական գործերը պատրաստ են, մնում է դեկտեմբերի 16-ին կնիքներն ընդամենը խփեն: Այնպես չէ, որ ծառայությունը վերացնելն ապօրինի է, հարցը մարդկանց ապօրինի կերպով աշխատանքից ազատելու մեջ է: Մի մեծ աշխատավարձ էլ չեն ստանում. մարդ կա՝ 60.000, մարդ կա՝ 80.000 դրամ է ստանում: Արձակման նպաստն էլ դրան մոտ մի թիվ է լինելու, մեծ չէ: Այլ աշխատանք չի առաջարկվել, անգործ են մնալու»,- նշեց մեր աղբյուրը:
Հավելենք, որ ՊՊԳՎ ռազմականացված ջոկատն արտաբյուջեով ֆինանսավորվող հիմնարկների շարքին է պատկանում, այսինքն՝ աշխատակիցների աշխատավարձը ձևավորվել է արտաբյուջեից:
Կառավարությունն իր 2018 թվականի նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում քննարկման է դրել արտաբյուջեներից հրաժարվելու հարցը: