«Ծննդյանս օրվա առթիվ հայրս ինձ «Լոռիի» խաղերը դիտելու աբոնեմենտ էր տվել. ուրախությունից դա մեկ դնում էի բարձիս տակ, մեկ պահարանի գլխին. չէի հավատում, որ իմն է…Այդ ժամանակ անգամ չէի կարող երազել, որ մի օր այդ ակումբն իմն է լինելու». Թովմաս Գրիգորյան

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը մասնկացում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններին: ֆեյսբուքյան իր էջում տարածած գրառման մեջ Գրիգորյանն անդրադարձել էր նաև ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամների անհանգստությունների այն մասին, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Կիսելով այդ մտահոգությունը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն պաշտոնապես հայտարարել է՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ինքն ու իր հետ փոխկապակցված անձինք չեն ունենա ֆուտբոլային ակումբ:

Գրիգորյանի սերը դեպի սպորտն ու մասնավորապես՝ ֆուտբոլը, սպորտասեր հասարակության համար նորություն չէ: Նոր չէ նաև փաստն այն մասին, որ սկսելով ֆուտզալից, Գրիգորյանն իր ղեկավարած թիմը հասցրել է տեղական ու միջազգային աննախադեպ մասշտաբի հաջողությունների:

«Լոռի» ակումբը թողնելու պատրաստակամությունը կարդալուց հետո, մի մասնավոր զրույց հիշեցի, երբ Գրիգորյանը պատմում էր, թե ինչպես է ամեն ինչ զրոյից սկսել: Թովմասը դեռ մանկուց է «Լոռիի» երկրպագու եղել, դրա մասին գիտեին իրեն ճանաչող բոլորն, այդ թվում նաև հայրը. «Ծննդյանս օրվա առթիվ հայրս ինձ աբոնեմենտ էր տվել, որ կարողանայի Լոռիի բոլոր խաղերին գնալ ու դիտել դրանք: Ուրախությունից չգիտեի ինչ անել. աբոնեմենտը մեկ դնում էի բարձիս տակ, մեկ պահարանի գլխին. չէի հավատում, որ դա իմն է…Այդ ժամանակ անգամ մեկ տոկոս չէի կարող երազել, որ մի օր «Լոռիի» ակումբն իմն է լինելու. թիմ, որի ոչ մի խաղ բաց չեմ թողել»,-պատմում էր Գրիգորյանը:

Շատերը կհիշեն՝ Սովետմիության փլուզումից հետո «Լոռի» թիմը մասնակցեց Հայաստանի առաջնությանն ու ցավալի պարտություն կրեց. առաջին պարտությանը հաջորդեց, երկրորդը, երրորդն ու այդպես շարունակ: Տևական պարտություններից հետո թիմը լուծարվեց: Հետո նորից մասնակի փորձեր արվեցին թիմը վերականգնելու, նորից խաղացին, բայց նորից հաջողություններ չունեցան ու դուրս եկան:

Թովմաս Գրիգորյանը «Լոռի» թիմը հիմնեց հենց այդ ֆիասկոներից հետո: Քիչ ռեսուրսներով «Լոռին» դարձավ օրինակ՝ ցույց տալու, որ կարելի է հասնել մեծ հաջողությունների ինքնուրույն ու սկզբում ոչ շատ միջոցներով:

 Իր ղեկավարած տարիներին «Լոռիի» թիմը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հասավ գավաթի եզրափակիչ, առաջին անգամ հաղթեց «Փյունիկին», «Բանանցին»:

Վերջին օրերին շատ է խոսվում Գրիգորյանի՝ որպես ամենահավանական թեկնածու լինելու մասին. այս պատմությունը հիշեցի, որովհետև կիսում եմ կարծիքն այն մասին, որ ֆուտբոլն ամեն ինչից զատ նաև լավ կառավարման ու մենեջմենթի սպորտ է: