Մել-Մել` ՄԵԼիքբեկյան-ՄԵԼենդես գիգանտ դուետի ծրագրային թեզի առանձնահատկությունները

Լրատվական կայքերից մեկում հրապարակված հոդվածում ևս մեկ անգամ բաժանարար գծվեց՝ ,,սև,, համարելով այն կողմին, որը չի կիսում ՀՖՖ ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքականությունը: Մենք ճիշտ ենք և վերջ, իսպանացի Մելենդեսը մեր ֆուտբոլի փրկիչն է և վերջ, Մելիքբեկյանը մեր փրկիչն է և վերջ, առանց մեզ և Մելենդեսի հայկական ֆուտբոլը դատապարտված է կործանման:
Էդ կարգի Լուրջ: ՀՖՖ ներկայիս որ ղեկավարի գիգանտ միտքն է դա: Ով ասաց, որ ֆուտբոլում բացարձակ ճշմարտություն կա, թե այս կողմը ճիշտ է, մյուսը՝ ոչ: Ժամանակը ցույց կտա, թե ինչ պտուղ կքաղի իսպանական ուղղությունը մի քանի տարի հետո: Ի վերջո փաստ չէ, որ 5 տարի կառավարելով իսպանացիներին կհաջողվի տալ Էդգար Մանուչարյանի, Հենրիխ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի, Կառլեն Մկրտչյանի, Ռոբերտ Արզումանյանի, Վարազդատ Հարոյանի և շատ ֆուտբոլիստների անուններ:
Ի դեպ, այս տղաները, որոնց խաղով հպարտացել և հպարտանում ենք, որպես ֆուտբոլիստ, աճել և կայացել են Փյունիկում, որի փաստացի ղեկավարը ի դեպ, Ռուբեն Հայրապետյանն էր, մանկապատանեկանի մարզիչներն էլ իսպանացի չէին, ոչ էլ այլազգի, այլ մեր՝ տեղացի, հայ: Այստեղ իսպանացի-հոլանդացի-իտալացի ուղղություն ընտրելու հարցը չէ: Հարցը միջոցներն են, որոնք օգտագործվել և օգտագործվելու են ապագայում: Ով է տալու երաշխիք, որ այս օտարազգի կառավարման արդյունքը կլինի նոր Մխիթարյանների, Մանուչարյանների, Ղազարյանների, Հարոյանների ի հայտ գալը: Ինչ գին կնստի այն մեր ֆուտբոլային գերատեսչության բյուջեի վրա: Արդյոք ավելի սեղմ բյուջեով հնարավոր չէ նոր տաղանդներ ի հայտ բերել և արդյունք ապահովել: Եվ ի վերջո չի կարելի ֆուտբոլային մարդկանց համարել սև, վատաբանել նրանց, որոնք քիչ թե շատ հաջողություն են ունեցել հայկական ֆուտբոլում:
Եթե Մելենդեսը ներկայացրել է Ազգային ծրագիր, ապա ինու է հայտարարում, որ եթե Մելիքբեկյանը չդառնա ՀՖՖ նախագահ, ինքը նույնպես չի մնա: Այսինքն Մելենդեսը միամտորեն հայտարարում է, որ իր պայմանագիր-գործարքը ոչ թե ՀՖՖ-ի հետ է, այլ կոնկրետ Մելիքբեկյանի: ՀՖՖ-ում Մել-Մել հայ-իսպանական դուետ է ձևավորվել, բայց գրված մեծ ազգային ծրագիրը, որի համար վճարվում է ՀՖՖ բյուջեից, կարծես թե ազգին չի պատկանում:
Իրականում Արմեն Մելիքբեկյանին ներկայացնել մեր ֆուտբոլի փրկիչ ուղղակի ծիծաղելի է: Եթե առանց ծրագրի միայն իսպանացինեով հնարավոր լիներ լուծել մեր ֆուտբոլի զարգացման հարցը, ապա հաստատ մեզնից շուստրի և հարուստ ֆեդերացիաներ կլինեին, որոնք Մելենդեսի քաշով փող կվճարեին՝ իրենց փառքի ճանապարհը ապահովելու համար:
Քանի տարի է պատրաստ սպասել մեր ֆուտբոլային հանրությունը և հանդուրժել նման քաղաքականությունը՝ կռահել դժվար չէ: