Նա ուղնուծուծով ֆուտբոլի մարդ է․Էդուարդ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանի մասին

Վերջին ամիսները հայկական սպորտի համար անկասկած թեժ էին. ՀՖՖ նախագահի ընտրության, սպորտային վերջին զարգացումների և այլնի մասին զրուցել ենք սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի հետ:

-Էդուարդ, դեկտեմբերի 6-ին պարզ դարձավ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների վերջնական պատկերը: Ինչպիսի՞ մրցակցություն է սպասվում: Ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում:

-Մրցակցությունն, անկասկած, թեժ է: Թեկնածուներն օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները, և դա նորմալ է: Միայն թե պետք չէ փորձել հաջողության հասնել մրցակիցների վերաբերյալ դեզինֆորմացիա տարածելու և նրանց զրպարտելու միջոցով: Հաղթողը թող դա անի արդար ճանապարհով: ՀՖՖ նախագահի պաշտոնում ես տեսնում եմ Թովմաս Գրիգորյանին, և դրա համար կա մի քանի պատճառ:

-Ըստ Ձեզ ի՞նչ որակներ պետք է ունենա այն մարդն, ում վստահվելու է սպորտում այսչափ պատասխանատու պաշտոն:

– Հանրությունը հաճախ փորձում է ֆուտբոլի ֆեդերացայի նախագահի թեկնածու փնտրել կամ այսպես կոչված ֆուտբոլային մարդկանցից կամ մենեջերներից: Ես միշտ նշել եմ՝ ցանկալի է՝ նախագահը համատեղի այդ երկու որակները: Թովմաս Գրիգորյանը ֆուտբոլային մարդ է ուղնուծուծով: Եվ եթե ժամանակին նրա հաջողությունները հիմնականում ֆուտզալում էին («Թալգրիգը» եվրոպական մակարդակի լավ թիմ էր), ապա հիմա ակնառու են նրա հաջողությունները նաև ֆուտբոլում: Երկար տարիներ լինելով մարզաձևում, մասնակցելով գործադիր կոմիտեի բոլոր նիստերին՝ նա գտել է հաջողակ ֆուտբոլային ակումբ պահելու բանաձևը: «Լոռին» ընդամենը երկրորդ տարին է խաղում Բարձրագույն խմբում, բայց չեմպիոնության լուրջ հայտ է ներկայացրել: Այսպիսի թիմ գլխավորելն էլ Գրիգորյանին լավ մենեջեր է դարձրել: Նա 100 տոկոսով համապատասխանում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի իմ պատկերացումներին: Իհարկե, ընտրվելու դեպքում Գրիգորյանը ստիպված կլինի հրաժարվել «Լոռիից», բայց այդպիսին են խաղի կանոնները: Լոռու մարզին ֆուտբոլային տոն պարգևելուց հետո ժամանակն է դա անել ամբողջ Հայաստանի համար:

-ՀՀ-ում ֆուտբոլի զարգացման համար ի՞նչ առաջնային խնդիրներ եք տեսնում:

-Հայաստանում վաղուց առաջնային խնդիր է մանկապատանեկան ֆուտբոլը: Եթե ենթակառուցվածքային հարցում շարժ կա, ապա երեխաների՝ մեծ ֆուտբոլ անցնելու գործընթացը մնում է ցավոտ թեմա: Տաղանդավոր պատանիներ Հայաստանում կան: Հարկավոր է ավելացնել նրանց թիվը և ապահովել մեծ ֆուտբոլ անցավ անցնելու գործընթացը: Ինչպե՞ս ավելացնել: Այստեղ անելիքը շատ է: Մեր մարզիչների որակը բարձրացնելու համար միջոցներ է պետք ձեռնարկել: Նրանց ուղարկել վերապատրաստման, Հայաստան հրավիրել լավ դասընթացների տիրապետող մասնագետների, և վերջապես, մեր մարզիչներին ապահովել լավ աշխատավարձ ու պահանջել արդյունք: Այդ պարագայում կմեծանա մրցակցությունը, ինքստինքյան նաև որակը:

– Ենթակառուցվածքի զարգացման համար որքանո՞վ էր կարևոր ՀՖՖ-ի կայացրած որոշումը 700 փոքր դաշտ կառուցելու համար:

-Որոշումը կարևոր էր, թիվն՝ աբսուրդային: 700 դաշտ կառուցել ՀՖՖ-ի նշած ժամանակահատվածում եթե հնարավոր է, ապա միայն հզոր ֆուտբոլային երկրներում: Մենք դա չենք կարող, ինչն ապացուցվեց գործնականում: Նաև չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր Հայաստանում 100 միլիոն եվրոյանոց ստադիոն կառուցել (եթե դա անհավանական նվեր չէ ՖԻՖԱ-ի կամ ՈՒԵՖԱ-ի կողմից): Մեր երկիրն այսօր բազմաթիվ այլ, ստրատեգիական խնդիրներ ունի: 100 միլիոնով կարելի է բանակը լրջորեն ուժեղացնել: 100 միլիոնով կարելի է բժշկություն զարգացնել: 100 միլիոնով, ի վերջո, կարելի է մետրոյի կայարաններ ավելացնել ու Երևանը թեթևացնել «խփած» մեքենաների հարձակումից: Ես էլ եմ ֆուտբոլային մարդ, հավատացեք իմ երազանքն էլ է Հայաստանում գերժամանակակից ստադիոն տեսնելը: Բայց մենք հիմա դրան պատրաստ չենք: Իսկ արտասահմանցի ներդնողների մասին խոսակցությունները հեքիաթի են նման: Բիզնեսմենը անգամ 100 դոլար չի ներդնի, եթե եկամուտ չունենա: Իսկ մեր ստադիոնից այդքան խոշոր եկամուտ ստանալ հնարավոր չէ: Ինքներդ եք տեսնում, որ ընդամենը 14 հազար տեղանոց «Հանրապետականն» է լեցուն լինում միայն մեծ տոներով:

-Ինչպե՞ս եք գնահատում մեր հավաքական թիմերի մրցելույթները անցած ընտրական փուլերում:

-Եթե չլիներ Իտալիայից կրած 1-9 հաշվով պարտությունը, ապա կասեի, որ ազգային հավաքականի ելույթը նորմալ էր: Արտառոց կհամարեի 1-ին, 2-րդ և վերջին տեղը գրավելը: Մնացած տեղերը մեզ հասանելի էին: Վերջնամասը ձախողեցինք և մնացինք 5-րդ տեղում: Կարող էինք լինել 3-րդը, բայց դա էությունը չէր փոխի: Սխալ է Հայաստանի հավաքականից եզրափակիչ փուլ դուրս գալ պահանջելը: Ցանկանալ, երազել՝ այո, բայց պահանջել պետք չէ: Նման բաներ պահանջում են գրանդներից, մենք այդպիսին չենք: Ինչ վերաբերում է երիտասարդական ու պատանեկան հավաքականներին, ապա նրանց հիմնական խնդիրն արդյունքը չէ, այլ ազգայինի համար խաղացողներ պատրաստելը: Իսկ նրանց ցույց տված արդյունքը հայելի է: Պարբերաբար պարտվում են խոշոր հաշվով, ուրեմն անհրաժեշտ քանակի ու որակի ֆուտբոլիստներ չունենք: Եվրո-2012-ի ընտրական փուլում փայլած հավաքականի կորիզը մինչև այդ իրեն դրսևորեց նաև պատանեկան ու երիտասարդական ասպարեզում: Պատահական ոչինչ չի լինում:

-Ձեր կարծիքով հավաքականը պետք է ունենա տեղացի, թե՞ օտարերկրացի մարզիչ և Ձեր կարծիքը ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գործունեության մասին:

-Ես գերադասում եմ հավաքականի ղեկին տեսնել տեղացի մասնագետի: Համաձայն եմ, ընտրությունը մեծ չէ: Բայց դա չի նշանակում, որ եղածները չեն կարող լավ աշխատել: Վարդան Մինասյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը ցույց տվեցին, որ այդ գործից գլուխ հանում են, հիմա Աբրահամ Խաշմանյանն է փորձում իր որակները ցուցադրել երկրի գլխավոր թիմում: Նորից. ամեն ինչ մտածելակերպի մեջ է: Եթե մարզչին չասենք, որ եթե չես հաղթում ամեն խաղում, ապա դու լավը չես, նա հոգեբանական կայունություն կունենա և աստիճանաբար կբարելավի արդյունքները: Եվ հետո, նայեք թե ֆուտբոլիստների ինչ ընտրությամբ են խաղում մեր մարզիչները: Մեր ընտրանու միջին մակարդակը շատ ցածր է մեր մրցակիցների մեծամասնությունից: Իսկ դուք ասում եք եզրափակիչ փուլ:

Խինես Մելենդեսի գործունեությունը գնահատելը շատ դժվար է, որովհետև գործունեություն դեռ առանձնապես չի երևում: Եթե տարեկան 1 միլիոն եվրո վճարում ես միայն տեխնիկական տնօրենին, ապա նա պետք է կտրուկ տարբերվի նախորդներից: Կարանկաներին ու մյուսներին Հայաստան հրավիրելը գործի մի մասն է, կարևորը՝ արդյունք լինի: Ցավն այն է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը երբեք չի մնում այնքան, որ ավարտին հասցնի սկսածն ու հաշվետու լինի հանրությանը: Դրա համար խոստանալ պետք է առաջիկա 4-5 տարիների հաշվարկով: Եվ իհարկե, կատարել խոստումները:

Tert.am