ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նոր սեփականատեր կունենա: Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել են հաշված օրեր, բայց հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն: Նշենք, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կայանալու է դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` հյուրանոցը նվիրում է պետությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աճուրդի է հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի գնահատված արժեքը կազմում է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ: Իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ:
Աճուրդն անցկացվելու է դասական (գնի ավելացման) եղանակով: Այսինքն` աճուրդավարը մասնակիցներին առաջարկելու է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հյուրանոցի գույքի ցանկում մտնում են աթոռներ, բազկաթոռներ, տեսախցիկ, բազմոցներ, բիլիարդի սեղաններ, բրոնզե արձանիկներ, գորգեր, թեյի սեղաններ, էլեկտրական թավաներ եւ այլն: Դրանք բոլորն էլ, ըստ պետական գույքի կառավարման կոմիտեի, շահագործման ենթակա են:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի հետ եւ հետաքրքրվեց, թե քանի ընկերություն է հայտ ներկայացրել աճուրդին մասնակցելու համար:
-Պարո՛ն Բաբայան, «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կայանալու է դեկտեմբերի 18-ին, կնշե՞ք` այս ժամանակահատվածում աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնող ընկերություն կա, թե ոչ:
-Դեռ ոչ, բայց մեկ ընկերություն կա, որ դիմել է, հիմա փաստաթղթերի հետ կապված հարցերն ենք կարգավորում, որպեսզի դրամական փոխանցումն իրականացվի, որովհետեւ մեծ ծավալի գումարի մասին է խոսքը. գնահատված արժեքի 5 տոկոսի չափի մասին է խոսքը, որը պետք է փոխանցվի:
-Չունի՞ բավարար միջոցներ տվյալ ընկերությունը, թե՞…
-Խնդիրը դա չէ, խնդիրը փոխանցման հնարավորությունն է, որ կարողանան բանկերն այդ գումարը ընդունեն:
-Պարո՛ն Բաբայան, աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնողը տեղակա՞ն ընկերություն է, թե՞ դրսի:
-Այո, դրսի է:
-Այլազգի՞ գործարար է:
-Այո:
-Կմանրամասնե՞ք` որ երկրի գործարար է, ռուսաստանցի՞ է, թե՞ ոչ:
-Իսկապես, չեմ կարող ասել, վստահ չեմ` որ երկրի գործարար է:
-Այսինքն` փաստաթղթերը կան, բայց չե՞ք կարող ասել, թե որ երկրի ներկայացուցիչ է:
-Դեռեւս հայտը չի գրանցվել, երբ հայտը գրանցվի, այդ ժամանակ կկարողանամ ասել:
-Իսկ հայտ ներկայացնելու վերջնաժամկետը ե՞րբ է:
-Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը աճուրդից առաջ` այդ օրվան նախորդող օրը, այս դեպքում՝ դեկտեմբերի 17-ին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: