«Օրեր առաջ Ալավերդի այցելած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, բառիս բուն իմաստով, ցեխն է մտցրել Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին: Մարզպետը դժգոհել է, որ Խեչումյանը չի հետևել ճանապարհների փոսալցման աշխատանքների որակին: «Այսպես գո՞րծ են անում, պարոն Խեչումյան: Դուք համայնքապետն եք, ինչո՞ւ չեք հետևել որակին: Խայտառակ պատկեր է, ու բացառվում է, որ Դուք պետբյուջեից գումար ստանաք այս աշխատանքի դիմաց»,- ասել է մարզպետ Ղուկասյանն ու դժգոհել սուբվենցիոն ծրագրով Ալավերդիում նախատեսված աշխատանքների ծավալից:
Անդրեյ Ղուկասյանին դուր չի եկել նաև այն հանգամանքը, որ Ալավերդու Թումանյան փողոցին հարող երկաթգծի պաշտպանական գոտիներում տարիներ ի վեր ապօրինի շինություններ են կառուցվել: Համայնքապետ Խեչումյանին նախատել է՝ ինչո՞ւ երբևէ այդ հարցով չի զբաղվել, ինչո՞ւ իրավական գործընթացներ չեն հետևել:
«Տպավորություն ունեմ, որ Դուք գտնվում եք նախկին պաշտոնյաների ազդեցության ներքո և կաշկանդված եք Ձեզ զգում: Ալավերդցիները նման համայնքապետ ունենալու արժանի չեն»,- դիմելով քաղաքապետին՝ ասել է մարզպետն ու հասկացրել՝ առաջիկայում իրավական գործընթացներ են սպասվում, որոնք, ըստ երևույթին, միտված են լինելու Սասուն Խեչումյանի հրաժարականին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: