Ես արձանագրել եմ, որ վարչապետին բարևել կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է: Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարելի է վարչապետին բարևել և հաջորդ քայլով շտապել այն կանխիկացնել: Սա վերաբերում է նաև վարչապետի հետ հանդիպելուն: Եթե հանկարած նկատեք, որ ես բարևների և ընդունելությունների մասով ժուժկալ եմ դարձել, չմտածեք, թե մեծամտացել եմ: Պարզապես ես հասկացել եմ, որ նույնիսկ բարևի ու ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունն ու անձամբ ինքն իրեն համարում է կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի մարդ, քաղաքական գործիչ:
Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրենց համար չկա նախկին ու ներկա իշխանություն. «Մեզ համար կրկնակի անընդունելի է իմ կողմից որևէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվել: Վերջին 1,5 տարվա մեջ առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյայի կոռուպցիոն հոդվածներով մեղադրանքներ է առաջադրվել, իսկ պրոցեսը շարունակվելու է: Բացառված է, որ մենք կոմպրոմիս ունենանք կոռուպցիայի հետ, այն պետք է արմատախիլ արվի»: