Կոռուպցիան երբեմն ունի բավականին գրավիչ, հաճելի, գայթակղող տեսք ու արտաքին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, Հայաստանում կա քաղաքական կամք կոռուպցիան արմատախիլ անելու համար. «Մենք արձանագրել ենք, որ նույնիսկ մեր ամենամերձավոր թիմի անդամները, մեր ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու պարագայում:

Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին գրավիչ, հաճելի, գայթակղող տեսք ու արտաքին: Այս առումով խնդիրն ավելի է բարդանում: Մենք արձանագրել ենք, որ ուղղակի կոռուպցիայի մեզ հայտնի ձևերի նկատմամբ, այսպես ասած, արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց»:

Փաշինյանը նշել է, որ երբեմն կոռուպցիան կառուցվում է գեղեցիկ նախադասությունների ներքո, տեղեկատվության բացակայությունից օգտվելու շնորհիվ. «Մի հետաքրքիր ինստիտուտ կա՝ «Ես ձեզ ասել էի»: Սա այն է, երբ ինչ-որ մեկը ձեզ շշուկով մի բան է ասում, որը երբեմն հնարավոր չէ ամբողջությամբ հասկանալ: Հետո կարող է ծագել իրավիճակ, որի մասով զարմանք է առաջանում: Իսկ երբ հարց ես տալիս, ասում են՝ «Ես ձեզ ասել էի»»:

Analitik.am