«Վաղուց գաղտնիք չէ, որ հայաստանյան գործող վարչախմբի և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեպերտուարի առանցքում, այսպես կոչված, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի թեման է: Անցած ամիսների ընթացքում տարբեր ամբիոններից անգամ վարչապետի մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան այլևս անցյալում է: Հատկանշական է, որ գործող իշխանության զինանոցում հակակոռուպցիոն ուղղությունը մենաշնորհների դեմ պայքարի հետ մեկտեղ այսօրվա իշխանությունների լավ աշխատանքի ու համակարգը փոխելուն ուղղված քայլերի հիմնական փաստարկն է, այն դեպքում, երբ ընդդիմախոսները մատնացույց էին անում նոր իշխանության բազմաթիվ բացթողումներն ու թերությունները:
Սովորաբար հանրային բանավեճերն ավարտվում էին «այո, մենք անփորձ ենք և թերություններ ունենք, բայց, ի տարբերություն նախորդների, համակարգային կոռուպցիայի մեջ թաթախված չենք» արտահայտությամբ: Դրան անմիջապես հետևում էր այն, թե իբր յուրաքանչյուր քննադատության հետևում պետք է որոնել «լափամաններից զրկված կոռուպցիոներներին»:
Պետք է նկատել, որ այդ փաստարկները մինչ վերջերս բավականին անխափան էին ներգործում հանրային տրամադրությունների վրա՝ համապատասխան հանրային կարծիք ձևավորելով և փաստացի զինաթափելով այսօրվա իշխանությունների ընդդիմախոսներին: Այս պարագայում վարչախումբն առավել քան ցավագին է ընկալում վերջին օրերին ի հայտ եկող կոռուպցիոն բացահայտ դրսևորումների դեպքերը, որոնք առնչվում են անմիջականորեն իշխանության վերնախավի ներկայացուցիչների կամ նրանց մտերիմների հետ:
Առհասարակ, եթե վերլուծում ենք կոռուպցիոն հնարավորությունները, ապա պետք է առանձնացնենք երեք հիմնական ուղղություն`
1. ֆինանսական միջոցների շարժ ներքևից վերև, որին կարող են ներգրավված լինել նաև երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները‚
2. պետական գնումների համակարգում փողերի լվացում, «ատկատներ» կամ հովանավորչություն‚
3. միջազգային, պետական և վարկատու տարաբնույթ դրամաշնորհներ‚ որոնք ուղղվում են փաստացի իշխանության ենթակայության տակ գտնվող հասարակական կազմակերպություններին:
Առաջին ուղղությունը, այն է՝ կենցաղային տեսանելի կոռուպցիոն դրսևորումներ, որ շորթվող գումարն ամենացածր օղակներից պետք է հասցվի բուրգի գագաթին, առայժմ Հայաստանում սառեցված է և ընդամենը արտահայտվում է, այսպես կոչված, «մանր փախցնոցիի» տեսքով: Միևնույն ժամանակ արդեն անժխտելի փաստ է, որ իշխանության վերին օղակներում կոռուպցիայի այս տեսակը փորձում են փոխհատուցել գաղտնի և բացահայտ պարգևատրումներով, պետական միջոցներից օգտվելու արտոնություններով: Վարչապետի և նրա ընտանիքի պարագայում խոսքն անգամ ցպահանջ ռեժիմի մասին է: Ավելի ցածր տրամաչափի պաշտոնյաները, թեպետ ավելի համեստ են իրենց ցանկությունների մեջ, սակայն նույնպես չեն խորշում օգտվել ընձեռված, համեմատաբար օրինական հնարավորություններից: Այնուամենայնիվ, կենցաղային մակարդակից կոռուպցիոն երևույթների իսպառ բացակայությունը և նախկին իշխանությունների ժամանակաշրջանի համեմատ ակնհայտ դրական պատկերը թույլ են տալիս գործող իշխանություններին ամենուրեք‚ այդ թվում նաև՝ միջազգային ատյաններում թմբկահարել Հայաստանում համակարգված կոռուպցիայի իբր հաղթահարման մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: