«ԿամԱԶ»-ները նվիրաբերվել են օգոստոսին, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին շինթույլտվությունը տրվել է ընդամենը 10 օր առաջ, փաստացի՝ գույքը ստանալուց հետո. Դավիթ Խաժակյան

Երևանի քաղաքապետարանին տասներեք «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին շինարարության թույլտվություն տրվել է նոյեմբերի 25-ին՝ ընդամենը 10 օր առաջ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նշենք, որ 13 բեռնատարներից 4-ը «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ը Երևանի քաղաքապետարանին նվիրաբերել է դեռևս ս/թ օգոստոսի 6-ին, մնացած 9-ը՝ օգոստոսի 14-ին: «Փաստացի՝ շինթույլտվությունը տրվել է գույքը ստանալուց հետո»,-ասաց Խաժակյանը՝ ընդգծելով նաև, որ նոյեմբերի 25-ի դրությամբ շենքի հիմքերը գցված են եղել, մինչդեռ, առանց շինթույլտվության, հիմքերը գցելու իրավունք չունեին: «Փաստորեն, խնդիր ունենք նաև այս մասով»,-հավելեց Դավիթ Խաժակյանը:

Նշենք նաև, որ Հակոբ Կարապետյանը նոյեմբերի 28-ին տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ը նվիրատվություն անելուց զգալի ժամանակ առաջ էր ստացել շինթույլտվությունը:

Tert.am