Հասարակական կազմակերպությունները տարեկան հաշվետվություններ կներկայացնեն

Կառավարությունը հավանություն տվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխություններին, որով նախատեսվում է, որ բոլոր հասարակական կազմակերպությունները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ գործող կարգավորումներով տարեկան հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեն միայն այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են հանրային միջոցներից: «Բարձր հաշվետվողականություն ապահովելու նպատակով այդ սահմանափակումը հանում ենք եւ այսուհետև առաջարկում ենք, որ բոլոր ՀԿ-ները հրապարակեն տարեկան հաշվետվություն՝ անկախ նրանից, թե միջոցներն ինչ աղբյուրներից են ստացել»,- ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ եթե ՀԿ-ի միջոցները հանրային աղբյուրներից չեն, նրանք պետք է հրապարակեն իրենց ծրագրերը՝ առանց մատնանշելու այդ միջոցների աղբյուրները: «Այս կարգավորմամբ հայաստանյան իրականությունը բերում ենք միջազգային չափանիշների»- ասաց Անանյանը:

168․am