ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղակալ Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մասին խոսելիս հորդորեց չխախտել անմեղության կանխավարկածը: Այս մասին Հարությունյանն ասաց դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ես արդեն մեկնաբանել եմ, դրանից ավելի այս պահին չեմ կարող ասել: Պետք է սահմանափակվենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ, որովհետև նախ մեկ օր է ընդամենը անցել փաստերը ներկայացնելուց հետո, երկրորդը՝ կա անմեղության կանխավարկած: Բայց, միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում, անկախ նրանից, թե տվյալ պաշտոնյան ով է, պետք է պատասխանատվություններ լինեն»,-ասաց Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ ինքը սույն քրեական գործով չի հարցաքննվել:
Դեկտեմբերի 5-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են:
Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսավարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Տնտեսավարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։