Հնարամիտ հայերը ինքնատիպ «բիզնես» են սկսել eBay–ում

Հայերը «բիզնեսի» նոր տեսակ են բացահայտել. նրանք ՀՀ սովորական թղթադրամներն իրենց անվանական արժեքից երկուսուկես անգամ թանկ են վաճառում։

eBay առցանց հարթակում հազվագյուտ թղթադրամների բաժնում կարելի է սովորական 20–հազարանոց թղթադրամ գնել 108 դոլարով, այսինքն` 50 000 դրամով։ Այստեղ կարելի է նաև 1000 դրամանոցը գնել 5 դոլարով։

Ակնհայտ է, որ թղթադրամները նախատեսված են սփյուռքի ներկայացուցիչների համար։ Թեև դժվար է գտնել հայերի, որոնք ծանոթներ չունեն Հայաստանում, ու եթե նրանք շատ ցանկանան, կարող են հայկական թղթադրամներ ձեռք բերել` առանց դրա դիմաց հավելյալ գումար վճարելու։

Թե ինչ պահանջարկ ունեն հայկական թղթադրամները վիրտուալ աճուրդում, դեռ հայտնի չէ։ Սակայն կարելի է հիշել, որ երրորդ սերնդի հայկական թղթադրամները ներառվել են «Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA) կազմակերպված «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը – 2019» 14-րդ միջազգային մրցույթի լավագույն հնգյակում։

armeniasputnik.am