«Հայկական ֆուտբոլին խորությամբ և արմատներից քաջածանոթ այլ թեկնածու, քան Թովմաս Գրիգորյանն է, այլևս չկա». Մ. Մեհրաբյան

Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի ֆուտբոլասերներ։ Դեկտեմբերի 2-ի երեկոյան ավարտվեց ՀՖՖ նախագահի պաշտոնի թեկնածուների առաջադրումը։ Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարի պաշտոնին հավակնում են Արսեն Աղաջանյանը, Խորեն Հովհաննիսյանը, Արմեն Մելիքբեկյանը եւ Թովմաս Գրիգորյանը։ Համաձայն ՀՖՖ կանոնակարգի՝ մինչեւ դեկտեմբերի 6-ը ստուգվելու են առաջադրվող թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերը, որից հետո պաշտոնապես կհայտարարվի մրցավազքի սկիզբը։ Նախ սկսենք նրանից, որ բոլորս առավել քան հասկանում ենք, թե ինչ խորը խնդիր կա հայկական ֆուտբոլում, որի լուծումը չափազանց կարեւոր է։ Շուտով կծանոթանանք բոլոր թեկնածուների ծրագրերին եւ ֆուտբոլային հանրությունը կհասկանա, թե թեկնածուներից ո՞վ կարող է արդյունավետ ղեկավարել մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։ Արսեն Աղաջանյանը, ով ծանոթ է մեր ֆուտբոլային հանրության երեւի մի փոքր հատվածին, հավակնում է զբաղեցնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Արսեն Աղաջանյանի անունը ինքս լսել եմ առաջին անգամ։ Կարծում եմ՝ ինձ պես նաեւ շատ-շատերը։ Ըստ տարածված լուրերի, Աղաջանյանը հիմնականում գործունեություն է ծավալել արտերկրում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ հայկական ֆուտբոլի հետ կապված է եղել միայն բարեգործության տեսքով։ Այսօր տեղեկացա, որ Արսեն Աղաջանյանն անդրադարձել է իր թեկնածությունն առաջադրելուն եւ նշել է, որ պատրաստ է մարտահրավեր նետել ինքն իրեն, դժվարություններին եւ ապահովել այդ կախարդական թռիչքը։ Դատելով պարոն Աղաջանյանի խոսքերից՝ պետք է կրկին փորձել։ Բազմիցս նշել ենք, որ հայկական ֆուտբոլն այլեւս փորձադաշտ չէ։ Մենք արդեն իսկ հայտնվել ենք ծանր կացության մեջ եւ ներկա պահին պետք է ո՛չ թե փորձել, այլ գործել։ Տարիներով հայկական ֆուտբոլում հրապարակայնորեն չհայտնված պարոն Աղաջանյանը ցանկանում է ղեկավարել մի կառույց, որի ներքին խոհանոցին տիրապատելու տեսանկյունից՝ կարծում եմ, խնդիր կա։ Ոչ ոք չի բացառում այս կամ այն թեկնածուի՝ հետագա հաջող պաշտոնավարումը, կամ ձախողումը։ Բայց ստեղծված իրավիճակում, կրկնեմ, պետք է խնդրին մոտենալ չփորձելու մտադրությամբ։

Խորեն Հովհաննիսյանի ունեցած ավանդը՝ հայկական ֆուտբոլում, անհերքելի է։ Ինձնից ավագ սերունդը բազմիցս առիթ է ունեցել հպարտանալու Խորեն Հովհաննիսյանի ցուցադրած խաղով՝ ինչպես Երեւանի Արարատի, այնպես էլ ԽՍՀՄ հավաքականի կազմերում։ Լեգենդար ֆուտբոլիստ լինելը փառավոր է։ Սակայն ֆուտբոլի ֆեդերացիա ղեկավարելու համար այլ որակներ են անհրաժեշտ։ Խորեն Հովհաննիսյանի դեպքում, նույնպես, որեւէ մեկը վստահ չէ՝ միլիոնավոր եվրո հոսքեր ունեցող կառույցը ղեկավարելու՝ լեգենդար ֆուտբոլիստի կարողությանը։ Այսինքն, կրկին վերադառնում ենք “փորձելու” գործելաոճին։ Բայց պետք է վստահ փաստել, որ ՀՖՖ նախագահ այլեւս լինելու է այն թեկնածուն, ով պատրաստ է երկարաժամկետ հեռանկարով ղեկավարել կառույցը։ Հավատացնում եմ՝ փորձել, ձախողվել, մեկ տարի կամ երկու տարի անց նորից նախագահ փոխելը վերջնականապես կգլորի հայկական ֆուտբոլը։

Ստացվել էր այնպես, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ վերջին 1,5 տարվա ընթացքում, ըստ էության ղեկավարում էր ո՛չ թե Արթուր Վանեցյանը, այլ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ 1,5 տարին բավականաչափ ժամանակահատված է, որպեսզի տեսանելի լինեն աշխատանքի դրական արդյունքները։ Կարծում եմ՝ ես չեմ, որ պետք է խորը եւ վերջնական գնահատական տամ վերջին շրջանում ֆեդերացիայի ղեկավար կազմի աշխատանքին։ Սակայն չեմ էլ նշմարել այն ճիշտ ուղղությունը, որը մեր ֆեդերացիան ընտրել էր վերջին 1,5 տարվա ընթացքում։ Ասել է թե՝ Արմեն Մելիքբեկյանի գործունեությունն արդեն տեսել ենք։ Չմոռանանք նաեւ կարեւոր մեկ փաստ։ Ընդգծված սաբոտաժը, որն ուղղված էր Արթուր Վանցյանի եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի դեմ, ակնհայտ աղբյուր ունի։ Հավակնությունը՝ դառնալու ՀՖՖ նախագահ, ի վերջո խաթարեց ֆեդերացիայի ղեկավարության բնականոն եւ ընդունված աշխատանքը։ Անառողջ մթնոլորտը, որը ֆեդերացիայում ստեղծվել էր Արմեն Մելիքբեկյանի ղեկավարման շրջանում, կարծում եմ ամենաուղիղ իմաստով բնութագրում է պարոն Մելիքբեկյանի՝ հնարավոր հետագա պաշտոնավարումը, այս անգամ ՀՖՖ նախագահի պաշտոնում։

Վստահ եմ, որ Արթուր Վանեցյանի հրաժարականը՝ արդեն իրականացված ժամկետում, անակնկալ էր ֆուտբոլային հանրության համար։ Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների դժգոհությունը՝ կապված ՀՖՖ նախկին եւ ներկա ղեկավար կազմերի հետ, անհրաժեշտություն է առաջացել վերջապես ձեւավորել առողջ, ամուր թիմով համալրված, մեկ գործի համար կոչված, միասնական եւ համերաշխ ֆուտբոլային կառույց ու ընտանիք։ Թովմաս Գրիգորյանը ներկայացված է եղել ՀՖՖ նախկին եւ ներկա ղեկավար կազմերում՝ տեղ ունենալով գործադիր կոմիտեի կազմում։ 2000-ական թվականներից ֆուտբոլի մեջ ամբողջությամբ մտած Գրիգորյանը, իր անցած ճանապարհով, իր ունեցած ահռելի փորձով՝ ինչպես ֆուտբոլային, այնպես էլ կառավարման տեսանկյուններից, լիովին եւ վստահ համապատասխանում է ՀՖՖ նախագահի պաշտոնին։ Ի տարբերությունը մյուս 3 թեկնածուների, Թովմաս Գրիգորյանի ամենաօրյա աշխատանքն է եղել ֆուտբոլը։ Այսինքն, հայկական ֆուտբոլին՝ առավելեւս ֆուտբոլային գերատեսչությանն ու նրա գործունեությանը խորությամբ եւ արմատներից քաջածանոթ այլ թեկնածու, բացի Թովմաս Գրիգորյանից, այլեւս չկա։ Բազմիցս նշում ենք, որ վերջապես պետք է ֆեդերացիան ղեկավարի մեկը, ով բոլոր մանրամասնություններով տեղյակ է ֆուտբոլին եւ, նաեւ, լրջորեն տիրապետում է կառավարման մոդելին եւ գործնականում հաջողությամբ կիրառում է։ Ինչպես հասկանում ենք, բոլոր չափանիշների միաձուլումը կա հենց Թովմաս Գրիգորյանի մոտ։ Վերջին շրջանում Թովմաս Գրիգորյանի նկատմամբ սկսված քննադատության շարքում նշվում է նաեւ Վանաձորի Լոռի ֆուտբոլային ակումբը։ Արդեն տեղյակ եք, որ առաջիկայում Թովմաս Գրիգորյանը պատրաստվում է վաճառել ակումբը։ Շատերը նշում են, որ գործընթացն ուշացած է։ Սակայն պարզ տրամաբանությամբ պետք է հասկանալ մի քանի կետ․
1․ Որեւէ մեկը՝ նույն թվում նաեւ Թովմաս Գրիգորյանը, բախտագուշակ չէ, որպեսզի կարողանար վստահ իմանալ, թե կոնկրետ ե՞րբ է հրաժարական տալու Արթուր Վանեցյանը։ Կամ հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ։
2․ Ակումբը, որը ստեղծվել է Թովմաս Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով, դարձել է ՀՖՖ նախագահի թեկնածուի հարազատ ընտանիքը, որը, բնականաբար, որեւէ մեկը չէր ցանկանա անմիջապես վաճառել պատահած մեկին։ Հետեւաբար, ակումբը վաճառելուց առաջ հստակ պետք է տարանջատել հնարավոր գնորդներին՝ հասկանալու համար, թե ի՞նչ ճակատագիր է հետագայում սպասելու Վանաձորի Լոռուն։ Ի վերջո, որքան էլ դժգոհություններ հնչեն, այնուամենայնիվ Թովմաս Գրիգորյանը կցանկանա ակումբը հանձնել վստահելի մարդու։ Սա տրամաբանական է յուրաքանչյուրիս դեպքում։
3․ Ֆուտբոլային ակումբ վաճառելը սիգարետի վաճառք չէ, որպեսզի անմիջապես գտնես գնորդին։ Ֆուտբոլային ակումբը լուրջ կառույց է, որը վաճառելու համար ժամանակ է անհրաժեշտ։ 2-րդ կետում նշված հանգամանքից բացի, հասկանալի է նաեւ, որ կա իրավաբանական գործընթաց, որը հնարավոր չէ իրականացնել չափազանց սեղմ ժամկետում։
Լիահույս եմ ու վստահ, որ ֆեդերացիայում ներկայացված հասարակական կազմակերպությունները (ՀՖՖ անդամները) հաշվի կառնեն թեկնածուների մասնագիտական որակները, տարիների ընթացքում կատարած աշխատանքի ակնհայտ արդյունքները, կուտակած հսկայական փորձը, թեկնածուների ծրագրերի լրջությունն ու իրագործման երաշխիքները, եւ ձայնը կտան Թովմաս Գրիգորյանին։ Միեւնույն ժամանակ, ֆուտբոլային հանրության կողմից կձեւավորվի հանրային խորհուրդ, որը հակակշիռ կդառնա ֆեդերացիային եւ կստիպի ֆուտբոլային կառույցին՝ հետեւողականորեն իրականացնել հայկական ֆուտբոլի առջեւ ծառացած խնդիրների լուծումը, որը կբերի հայկական ֆուտբոլի առողջացմանն ու տրամաբանական զարգացմանը»։