ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները երեկ հայտարարել էին այսօր ժամը 15:00-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման նախաձեռնության մասին: Նրանք 6 պահանջ էին ներկայացրել նախարարին, որոնց շուրջ ակնկալում էին կառուցողական քննարկում:
Նախարար Արայիկ Հարությունյանը չհանդիպեց ՀՅԴ ՀԵՄ-ի անդամների հետ: Երիտասարդները, ինչպես իրենք էին պնդում, փոքրիկ «պերֆորմանս» արեցին նախարարության մուտքի մոտ: Նրանք գիրք էին կարդում: Ոստիկանները երիտասարդներին զգուշացրին, որ իրենց նստացույցն արտոնված չէ՝ հղում անելով Հավաքների ազատության մասին օրենքին, ասացին, որ ցուցարարներն իրավունք չունեն խոչընդոտել հավաքի տարածքում գտնվող շենք-շինությունների մուտքերն ու ելքերը: Ակցիայի մասնակիցները նստել էին ԿԳՄՍ-ի հենց մուտքի դիմաց:
Ցուցարարներին տրվեց 5 րոպե ժամանակ ԿԳՄՍ նախարարության մուտքը բացելու համար, ցուցարարները մուտքը չբացեցին, ոստիկանները ֆիզիկական ուժ կիրառեցին, ինչպես և խոստացել էին:
Երիտասարդներից մի քանիսին, մուտքը բացելու ընթացքում, բերման ենթարկեցին, մյուսները, չկարողանալով դիմակայել մոտ երկու-երեք անգամ գերազանցող ոստիկանական ուժերին, շենքի ետնամասով դուրս եկան և փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը: Նրանցից շատերը պնդում էին, որ ոստիկանների գործողությունների արդյունքում պատռվել են զգեստները, ստացել են վնասվածքներ:
Ոստիկանները ցուցարարներին հորդորեցին բացել ճանապարհի երթևեկելի մասը, հորդորին ցուցարարները պատասխանեցին երգերով և «Արայիկ, հեռացի՛ր» վանկարկումներով:
Երիտասարդների նկատմամբ կրկին ուժ կիրառվեց: 19:00-ի դրությամբ բերման էր ենթարկվել 24 անձ, որոնցից 19-ին տարել էին Ոստիկանության՝ Կենտրոնի, մյուս 5-ին՝ Էրեբունու բաժիններ:
19:30-ի դրությամբ ՀՅԴ երիտթևի անդամները դեռ Կենտրոնի ոստիկանության բաժնում էին: Ներսում գտնվողների կարգավիճակի մասին տեղեկանալու համար բաժին էր եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:
Այնտեղ էր նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նա ևս բաժին էր մտել:
Դեպքի առիթով գրառում էր կատարել նաև ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության բաժիններ: