«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ներկայիս հանրության վիճակը ինձ Սերժի ժամանակների վերջին տարիների հանրության վիճակն ա հիշեցնում։ Ինձ մոտ տպավորություն կար, որ հանրությունը գտնվում էր Թոմաս Հոբսի նկարագրած «նախապետական» վիճակում։ Էդ վիճակը նա կոչում էր «պատերազմ բոլորը բոլորի դեմ»։
Այսինքն՝ մի տարածքում ապրում են մարդիկ, որոնք ոչ մի պայմանով կապված չեն միմյանց հետ ու արևի տակ իրենց բաժին տեղի համար առանց կանոնների կռիվ էին մղում էդ տեղի համար բոլոր մյուս հավակնորդների դեմ։ Ըստ Հոբսի, դա հանրության բնական վիճակն ա։ Նման վիճակի տրամաբանական ավարտը խաղի կանոնների շուրջ համաձայնության գալն ա, դրանք սահմանադրության մեջ ամրագրելն ու էդ խաղի կանոններով գոյատևող պետության ծնունդը։
Մեր բոլոր սահմանադրությունները (խաղի կանոները) մշտապես կեղծվել են։ Մեզ չի հաջողվել մեր միասին ապրելու կանոնների մասին որևէ համաձայնության գալ։ Հավաքական «մեզնից» յուրաքանչյուրը արևի տակ մյուսներից «խլել» ա էնքան տեղ, ինչքան թույլ ա տվել իր դաստիարակությունը, ֆիզիկական ուժը, ծանոթության շրջանակը, մտավոր կարողությունները։ Ռեսուրսները խիստ անհավասար են բաշխվել։ Նրանք, որոնք չեն խորշել զենք, խաբեություն, քծնանք կիրառել, գողություն անել, ավելի մեծ ռեսուրսների տեր են դարձել։ Ի վերջո, դա հանգեցրել ա «նախապետական» վիճակի վերջին փուլին՝ երբ տրամաբանորեն պետք ա հանրությունը որոշակի պայմանների շուրջ համաձայնության գար, իրական պետություն ստեղծեր, ապրեր, արարեր ու զարգանար։
Մենք նման մի շանս ենք ունեցել վերջին տասնամյակներում՝ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը»։ Բայց հեղափոխության հռչակված առաջնորդները նոր հանրային հարաբերություններ ամրագրող սահմանդրության կարիքը չտեսան։ Բացարձակապես էական էլ չի, թե նման ցանկության բացակայությունը ոնց ա բացատրվում։ Էականն էն ա, որ առանց նման պայմանավորվածությունների շարունակվելու ա հանրության «նախապետական» վիճակը, այսինքն՝ «բոլորը բոլորի դեմ պատերազմը»։ Մենք էսօր դրա բազմաթիվ օրինակներ ենք տեսնում։
Սա հանգեցնելու ա նրան, որ առաջվա պես ոչ մեկի խոսքը արժեք չի ունենալու։ Ով հանրային մի խոսք ասի, հարյուր կողմից հարձակվելու են վրան նրանք, ում պատկերացումներն այլ են։ Էս պայմաններում, ժամանակի հետ, պետական ապարատն էլ կվերադառնա «եղունգ ունես՝ գլուխդ քորի» փիլիսոփայությանը, քանի որ հարաբերվելու այլ տարբերակ չի լինելու։
Սա նրանից չի, որ կառավարող ուժը լավն ա կամ վատը։ Ես գուշակ լինելու բերումով չի, որ էս կանխատեսումն անում եմ։ Սա նորմալ, բնականոն պրոցես ա, որի ամենաշատ տուժողներն էլ հենց կառավարող ուժն ու պետական ապարատի մասնակիցներն են լինելու։ Էս վիճակը շարունակվելու ա էնքան, մինչև հանրությունը նման պայմանների անհրաժեշտությունը տեսնի ու պարտադրի դրան միտված պրոցես սկսել ու ավարտել։ Դրանից հետո նոր կունենանք արդար ընտրություններ, կանխատեսելի ապագա, ներդրումներ, զարգացում։
Կառավարող ուժը հայտարարում ա, որ 2020-ի փետրվարից սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողով կստեղծի։ Էդ հանձնաժողովի կազմը, նրա առաջ դրվող նպատակները մեր հանրության առաջ ծառացած խնդիրները նոր սահմանադրությամբ լուծելու ոչ մի նախադրյալ չի ստեղծում։ Պրոցեսի մեջ պետք ա բոլորը ներգրավված լինեն։ Դրա ձևերը պետք ա գտնվեն։ Ընդ որում, նոր սահմանադրության մեջ պետք ա ներառվեն էն նվազագույն դրույթների ամբողջությունը, որոնց շուրջ բոլորն են համաձայնության գալիս։ Հենց դա ա «հանրային պայմանագրի» էությունը։ Առանց էդպիսի համաձայնեցված ու հռչակված խաղի կանոնների մենք դեռ երկար ենք իրար միս ուտելու ու դա անխուսափելի ա՝ ով էլ լինի պետության ղեկին»։