«Վարչապետը պետք է ուղիղ եթերում ժողովրդի առջև տա մեր բոլոր հարցերի պատասխանները»

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ-ի ներկայացուցիչները Կառավարության կողմից դեռևս որևէ արձագանք չեն ստացել, ուստի չեն հրապարակելու իրենց մոտ եղած թղթապանակի պարունակությունը, մինչև անձամբ վարչապետը ցանկություն չհայտնի ստանալու այդ թղթապանակը և մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ պատասխանելու բոլոր հարցերին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հ/կ-ի ղեկավար, Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը։

Հիշեցնենք, որ մոտավորապես երկու շաբաթ առաջ  «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ-ի ներկայացուցիչներն Ազատության հրապարակից քայլերթով եկել էին Կառավարության մոտ՝ վարչապետի հետ հանդիպելու և նրան թղթապանակ հանձնելու համար, որը ըստ նրա, կարևոր փաստաթղթեր է պարունակում։

Սակայն կառավարությունից որևէ արձագանք չեղավ, որից հետո նրանք հայտարարեցին, որ թղթապանակը չեն բացի այնքան, քանի դեռ վարչապետն անձամբ չի արձագանքել։

Մանուել Մանուկյանի խոսքով՝ իրենց մոտ պահվող փաստաթղթերը երկրի համար շատ կարևոր են, դրանք վերաբերում են այն թիվ մեկ խնդրին, որն այսօր ծառացել է երկրի անվտանգության առջև։

«Մենք ուզում ենք այդ թղթապանակը հանձնել հենց վարչապետին, որպեսզի հենց այդ պահն օգտագործենք և հնչեցնենք մեր հարցերը, որոնք այս ընթացքում ունեցել ենք։ Վարչապետը պետք է ուղիղ եթերում ժողովրդի առջև տա մեր բոլոր հարցերի պատասխանները։ Կարող եմ հավաստիացնել, որ այդ թղթապանակը երկար փակ չի մնա, դրա հետ կապված մենք մեր գործընթացներն իրականացնում ենք, որպեսզի կանխենք այն ամենը, ինչը տեսնում և զգում ենք։ Մի առիթ կգտնենք և բոլորի ներկայությամբ տալու ենք վարչապետին»,- շեշտեց նա։

Նա հավաստիացրեց, որ թղթապանակի բացումը տեղի կունենա խելամիտ ժամկետում, պարզապես սպասում են վարչապետի արձագանքին։

«Եթե վարչապետը չի ցանկանում, որպեսզի այդ թղթերը բոլորի ներկայությամբ բացենք, և մտածում է, որ մենք այնքան փոքր մարդիկ ենք, որ չենք կարող իր հետ հանդիպել, ապա դա իր խնդիրն է։ Այսպես թե այնպես, մեկ օր առիթ կլինի, և մենք այդ թղթապանակը կբացենք։ Հեղափոխության իմաստն այն է եղել, որ ամեն ինչ լինի բաց ու թափանցիկ, ուստի կլինի Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ մեկ մեկ ուրիշը, ժողովրդից որևէ բան չպետք է թաքցնեն։ Մենք այս սկզբունքին համապատասխան գործողություններ կիրականացնենք»,- եզրափակեց նա։

Զվարթ Խաչատրյան

168.am