Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, Ձեր ենթակաները օրենք չգիտեն…
Երեկ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը հրապարակավ գնդակահարել է շանը ու հպարտ հարցազրույց տվել, որ շունն իրենն էր ու կատաղած էր։ Քաղաքացիների ահազանգով ժամանած ոստիկաններն էլ ասել են, թե կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել ու գնացել են։
Որպես օրենքի հեղինակ՝ տեղեկացնում եմ բոլորին, որ օրենքը հոկտեմբերի 23-ից արդեն գործում է եւ քիչ առաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատարին՝ հանձնարարել սկսել քննություն Սուրիկ Աղաջանյանի հանդեպ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում։
Հանկարծ մեկի մտքով չանցնի, թե դեկորացիայի համար ենք օրենք ընդունել ու գազանները կարող են այսուհետ եւս կենդանի տանջել ու սպանել։
Չի լինելու։ Չենք թողնելու։
Մեկ էլ մի բան. պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, ինչ-որ մի կառույցի հանձնարարեք Ձեր ենթակաների համար լիկբեզ անեն, որ իմանան իրենց ոլորտին առնչվող ո՞ր օրենքը երբ է մտել ուժի մեջ։
Հ.Գ. Շանը դաժանաբար գնդակահարածի օգնական տիկինը լալահառաչ մի տեքստ է գրել, որ իր շեֆը սրբությամբ պահում եւ պահպանում է Աստծո ստեղծած յուրաքանչյուր էակի։ Փաստորեն՝ պահպանում է գնդակահարելով։ Ու նման բան ասողը կին է։ Չի բացառվում՝ նաեւ մայր»։
Նշենք, որ Ն. Զոհրաբյանը խնդրի վերաբերյալ ևս մեկ գրառում է կատարել, որում նշել է. «Էս անգամ այլեւս ոչ մեկդ չի «պլստալու»
Ըստ հրապարակումների, այսօր Դիլիջանի «Գետափ» ռեստորանում, սույն օբյեկտի տերը, ով նաեւ, որքան էլ աբսուրդային հնչի՝«Դիլիջան» ազգային պարկի տնօրենն է, կրակել է շան վրա։ Կրակել է հրապարակային, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ու իր հանցագործությանը փորձում է արդարացում գտնել։
Ականատեսները ահազանգել են ոստիկանություն ու Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալը տվել է անմարդկային պատասխան՝«դե հա, իրա անասունն ա, ինչ կա դրա մեջ»։
Ի դեպ, ողջ այս պատմության մեջ դեռ շատ մեծ հարց է ով է իրականում անասուն։
Վստահ ասում եմ՝ այս դաժանության բոլոր մասնակիցները օրենքի առաջ պատասխան են տալու։
Իսկ մինչ այդ, գլխավոր հրաձիգ՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը անհապաղ պաշտոնանկ պիտի արվի, քանի դեռ չի հասցրել կրակելու իր ունակությունը փորձարկել շրջակայքի բոլոր կենդանիների վրա։
Կրակել են ահա այս հրաշք շան վրա ու, ցավոք, սպանել»։