Գագիկ Աղաջանյանը ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված խնդիրներից ազատվելու տարբերակ է առաջարում

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 25-ից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծումն անցկացվում է Գյումրիում, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել ավտոներկրողների համար, որոնք երեկ իրենց դժգոհությունն են հայտնել՝ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Ավտոներկրողները մեղադրել են ՊԵԿ-ին, որ կառույցը, ըստ իրենց, կոմպետենտ չէ ավտոմեքենաների բեռնաթափման հարցում, քանի որ մեքենաները վնասվում են, ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում և այլն:

Ավտոներկրողները, ներկայացնելով իրենց խնդիրները, որպես հակակշիռ՝ խոսել են նաև այն մասին, որ մինչ Գյումրի տեղափոխվելը՝ մեքենաների զննումը շատ արագ կատարվել է «Ապավեն» մաքսային տերմինալում, սակայն նրանք չեն բացատրել գործընթացի բուն էությունը:

Այս առնչությամբ պարզաբանում է ներկայացրել «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը:

Ըստ նրա՝ հարցը հնարավոր է լուծել՝ միևնույն ժամանակ չխախտելով Կառավարության որոշումը՝ մաքսային գործընթացը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ, և պահպանելով օրենքը: Աղաջանյանը ներկայացրել է այն հիմնական տաբերությունները, որոնց շնորհիվ մինչ Կառավարության որոշումը՝ ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ավելի արագ է լուծվել և խնդիրներ չի առաջացրել:

Նախ, Գագիկ, Աղաջանյանի խոսքով, «Ապավենն» ամենախոշոր տերմինալն է, ինչպես նաև՝ տեխնիկապես ամենահագեցածը, բացի այդ՝ ունի երկար տարիների աշխատանքային փորձ:

«Մեր պոտենցիալն օգտագործել ենք Երևան եկած ավտոմեքենաների բեռնաթափումը արագ, որակով կազմակերպելու նպատակով՝ ավտոմեքենաները պահպանելով անվտանգ տարածքում և բացառելով գողությունը: Մեր մասնագետներն անվնաս բեռնաթափել են, ավտոներկրողներն էլ ստացել են այս բոլոր ծառայությունները և գոհ մնացել:

Քանի որ «Ապավենը» մաքսային տերմինալ է, և տարածքը վերահսկվում է մաքսային ծառայության կողմից, մեքենաների զննումը և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանեցումը՝ իդենտիֆիկացիան, իրականացվում էին տեղում: Դրանից հետո ներկրողն այդ փաստաթուղթը, որտեղ արձանագրված էր, որ ինդենտիֆիկացիան արված է, ամեն ինչ համապատասխանում է, վերցնում էր, գնում Նորագավիթի ավտոտերմինալ, մաքսազերծում, հետ վերադառնում մեզ մոտ, փաստաթուղթը ցույց տալիս, որ մաքսազերծել է և ստանում իր մեքենան»,-նշեց Աղաջանյանը:

Այսպես, ըստ պարոն Աղաջանյանի, եղել է մինչ սույն թ. նոյեմբերի 25-ը՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

Սակայն նոր որոշմամբ մաքսազերծումն իրականացվում է Գյումրիում, որտեղ այս գործընթացը շատ դանդաղ է կազմակերպվում, քանի որ չկան համապատասխան տարարծքներ, տեխնիկական միջոցներ, անվտանգությունն ապահովված չէ, քանի որ բոլորը կենտրոնացած են մի վայրում, որտեղ հերթեր են գոյանում, բանվորները չունեն համախատասխան փորձ, ինչի հետևանքով մեքենաները վնասվում են, տերմինալն էլ ընդամենը մեկ տեղ է: Այս ամենի պատճառով Վրաստանի Փոթիի նավահանգստում կուտակված ավտոմեքենաներն այնքան շատ են, որ սա արդեն խաթարում է այնտեղի աշխատանքը ևս:

Գագիկ Աղաջանյանն ասաց, որ վրացական կողմն իր տարածքում կոնտեյների տրամադրման համար հատուկ իջեցված տարիֆ է տրամադրել, որ բեռը հասնի Երևան, սակայն մաքսազերծումն իրականացվելու է Գյումրիում: Այստեղ է, որ առաջանում է խնդիրը՝ ի՞նչ անել:

«Կիրառել հին մեխանիզմը՝ նոր ձևով»,-ասաց Աղաջանյանը և նշեց, որ իր՝ վերը նկարագրած տարբերակն այսօր էլ կարելի է կիրառել, ընդ որում՝ Կառավարության որոշման մեջ չկա կետ այն մասին, որ իդենտիֆիկացիան պիտի իրականացվի Գյումրիում, հետևաբար՝ փաստաթղթերի նույնականացումը, համապատասխանեցումը կարելի է անել Երևանում՝ ցանկացած մաքսային երմինալում, որից հետո միայն մաքսազերծման համար գնալ Գյումրի, իրականացնել մաքսազերծման գործընթացը և համախատասխան փաստաթղթերով վերադառնալ Երևան՝ մեքենան ստանալու համար:

«Ապավենի» ղեկավարը նշեց, որ երկաթուղու փոխադրման ծավալներն ավելի մեծ են, և եթե ավտոմեքենաները երկաթուղով չբերվեն, կուտակվելու են, իսկ դա արդեն վրացական կողմի համար էլ է խնդիրներ առաջացնում, ընդ որում՝ պայմանագրում նշված է, որ փոխադրող կողմը պարտավորվում է միայն մինչև Երևան հասցնել, ոչ թե Գյումրի, իսկ իր նշած տարբերակով գոնե ամբողջ քանակը կհասցնի Երևան փոխադրվել մինչև դեկտեմբերի 31, երբ արդեն նոր մաքսատուրքեր պիտի կիրառվեն:

Պարոն Աղաջանյանն ասաց, որ ինքն այս առաջարկը ներկայացրել է ՊԵԿ-ին, առայժմ պատասխան չի ստացել, իսկ մինչ այդ քննարկվել են մի քանի տարբերակներ, որոնք, ըստ նրա, նպատակահարմար չեն:

Դրանցից մեկն այն է, որ եթե երկաթուղով գալիս է, ինչու՞ բեռը չիջեցնել Գյումրիում: Պարոն Աղաջանյանը նշում է, որ կոնտեյների սպասարկման համար, որպեսզի վագոնից բեռնաթափում լինի, համապատասխան մասնագիտական տերմինալներ Գյումրիում չկան, դրանք կան Երևանում:

Բացի այդ՝ երբ ավտոմեքենան հասնի Երևան, տեսականորեն հնարավոր է տանել Գյումրի, սակայն ծախսատար է, քանի որ, ինչպես նշվեց, պայմանագրով տեղափոխող կողմը հասցնում է մինչև Երևան, դրանից հետո ներկրողն իր միջոցներով պիտի տանի Գյումրի, իսկ դրա համար անհրաժեշտ է մեծ քանակի կոնտեյներ տեղափոխող, որը նույնպես չկա:

Ավտոփոխադրող մեքենաներ Հայաստանում շատ քիչ են, հիմնականում մենք օգտվում ենք վրացականից կամ վարձակալում Թուրքիայից, իսկ այդ ավտոփոխադրող մեքենաները ներքին փոխադրման իրավունք չունեն:

Այս ամենից զատ՝ Երևան ներմուծված ավտոմեքենաներից շատերը վթարային վիճակում են, անվադողերը ռետինի փոխարեն կապրոնից են պատրաստված, և պարզ է, որ ձմեռային եղանակին առանց այն էլ ոչ բարվոք ճանապարհներով Երևանից Գյումրի տեղափոխելն այս հանգամանքը ևս բարդացնում է, ընդ որում՝ ոչ միայն ծախսային առումով. սա նաև վտանգավոր է անմիջապես կյանքի համար, քանի որ պատահարներն այս դեպքում անխուսափելի կդառնան, իսկ արդեն Երևան մտած մեքենան Գյումրի հասցնելու և հետո նորից Երևան տեղափոխելու անհարմարության մասին էլ խոսք չկա:

Ելնելով այս ամենից՝ Գագիկ Աղաջանյանն առաջարկում է ավտոմեքենան ուղեկցող փաստաթղթերի իդենտիֆիկացիան, ավտոմեքենաների զննումը իրականացնել Երևանի տերմինալներում, քանի որ դրանք բոլորը մաքսային հսկողության տակ են, այնուհետև միայն մաքսազերծման համար գնալ Գյումրի: Այդպիսով թե՛ օրենքը չի խախտվի, և թե՛ ավտոներկրողների համար լրացուցի խնդիրներ չեն առաջանա:

Մինչ մենք պատրաստում էինք այս հոդվածը, տեղեկություն ստացվեց այն մասին, որ վրացական կողմը ավտոմեքենաները Գյումրի չհասցնելը կարող է հիմնավորել իր հետ կնքած պայմանագրում նշված պարտականությունները չկատարելու հանգամանքով՝ պայմանավորված ֆորսմաժորային իրավիճակով:

tesaket.am