«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորից քննադատությունների թիրախում է հայտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Տպավորություն կա, որ այս իշխանության մեջ որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եւ այլն, «պատմությունների» մեջ հայտնվելու «մշտական» ունեն: Հերթական թեման կապված է առողջության համապարփակ ապահովագրության հետ:
Ըստ նախագծի, առողջապահական հարկատեսակի չափը պետք է սահմանվի 6 %: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները կարծիք էին հայտնում, որ հարկատեսակը փաստացի խախտում է սոցիալական արդարության տրամաբանությունը:
Թերթի տեղեկություններով, այս թեմայով առաջիկայում նախատեսվում է անցկացնել նաեւ խորհրդարանական լսումներ։ Ոլորտի փորձագետների դիտարկմամբ, առողջապահական համակարգը ներկայումս պատրաստ չէ այս փոփոխությանը, եթե նույնիսկ նշյալ տոկոսադրույքը նվազեցվի։ Ավելին, կան կարծիքներ, որ նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Ուշագրավ է, որ նախկինում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը եւ աշխատավարձից 5 տոկոս գանձումը «թալան համարողներն» այսօր հանրությանը համոզում են, որ մեր աշխատավարձից այլոց համար 6 տոկոսը գանձելը «հոգատարություն» է։
Ի դեպ, կոռուպցիոն ռիսկերի մասին երեկ բարձրաձայնեց նույնիսկ Թորոսյանի թիմակից պատգամավորներից մեկը, այս անգամ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:
Առաջին ընթերցման քննարկման ժամանակ էլ քաղաքական մեծամասնությունը միակամ չէր այս հարցում՝ դարձյալ շեշտելով կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Իսկ երեկ Թորոսյանին նույնիսկ հիշեցրեցին ոչ վաղ անցյալի սկանդալներից մեկը.
«Ես հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ձեր փոխնախարարն արդեն մեղադրվել է կոռուպցիոն ռիսկի մեջ»,- նշեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: