Արսեն Բաբայանն իր էջում գրում է.
«Արդյոք միանգամայն նորերը կհրաժարվեն հների սխալներից
Հայաստանի Հանրապետությունը պատմական հնարավորություն ուներ դառնալու տարածաշրջանի ամենաժողովրդավար, ամենաիրավական ու ամենասոցիալական պետությունը: Դրա համար առկա էին բոլոր նախադրյալները: Նոր իշխանություն, որն արմատական որևէ անխզելի կապի մեջ չէր նախորդ բոլոր իշխանությունների հետ: Ուշադրություն դարձրեք, որ խոսքն արմատական և անխզելի կապի մասին է: Նոր ու երիտասարդ կառավարություն, նույնպիսի խորհրդարան: Իհարկե կառավարման ոլորտում երիտասարդ լինելն ունի նաև բազմաթիվ խնդիրներ՝ անփորձությունից մինչև իշխանական կուրացում, սակայն ազնիվ ու ճշգրիտ նպատակի սահմանման դեպքում դրանց հաղթահարումը սոսկ ժամանակի հարց կլիներ:
Առաջնահերթ պետք է դառնար առնվազն տարածաշրջանում լավագույնը և առաջադեմ պետությունը դառնալու խնդրի ազնիվ սահմանումն ու դրան հասնելու գիտակցված, իհարկե շատ դժվար, ճանապարհն անցնելը: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Ներկայիս քաղաքական իշխանությունը, ինչպես գրեթե բոլոր քաղաքական իշխանություններն են լինում, չդիմացավ մենիշխանության, անձնական բացարձակ ազդեցությունը բոլորի վրա տարածելու հնարավորության գայթակղությանը:
Սոսկ կառավարման առումով գուցե շատ ավելի հեշտ է պետությունը կառավարել հենց այդպես, սակայն փաստ է, որ այդ դեպքում մենք այս անգամ էլ չենք ունենալու այն պետությունը, որը, վստահ եմ, բոլորս երազում ենք մեր հոգու խորքում:
Ցավոք ներկայիս իշխանությունը ոչ միայն զերծ չմնաց պետական իշխանության բոլոր ճյուղերն իր քմահաճույքին վերցնելու գործընթացից, դեռ մի բան էլ լցված է կործանման տանող վրեժով: Ներկայիս իշխանության ամենասարսափելի արարքն այն չէ, որ մարդուն կարող են բացահայտ ապօրինությամբ, առանց անգամ կես հիմքի բանտ ուղարկել, այլ այն, որ հենց այս իշխանությունն է, որ մեր պատմության մեջ մնալու է որպես՝ «նորերը բանտարկում են հներին» նախադեպ ստեղծող իշխանություն, առանց հաշվի առնելու այն պարզ ճշմարտությունը, որ իրենք էլ երբևէ դառնալու են հներ միանգամայն նոր նորերի ձեռքին: Իսկ այդ միանգամայն նոր նորերը կունենա՞ն այնքան ողջամտություն և հանուն Հայաստանի Հանրապետության գործելու կարողություն, որ հրաժարվեն ներկայիս իշխանության ստեղծած նախադեպից: Դժվար է կանխատեսել:
25.10.2019թ․, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ»: