Այսօրվա պետական կառավարման որակի, պատկերացումների, դրանց հակադիր միտումների և ընդհանուր հանրային բանավեճի որակը շատերին ստիպում է հետ քաշվել, հեռու մնալ և չպատկերացնել սեփական անելիքը։
Խնդիրը պետք է դնել շատ հստակ՝ հաղթահարել «կենցաղային պետության» փուլը։ Հայրենասիրությունը և ինտելեկտը չափվելու են հենց դրանով՝ անո՞ւմ ենք արդյոք ամենքս մեր քայլը՝ կենցաղային պետության հաղթահարման ուղղությամբ։ Այդ ընթացքն ունենալու է երեք հանգրվանային կետ։
Քայլ առաջին. մեծ ներհայաստանյան հաշտեցում
Եթե խնդիր դնենք՝ պառակտել ու թշնամացնել հասարակությունը, պիտի գիտակցենք, որ դա վերջ չունեցող պրոցես է։ Չի լինելու մի կարմիր գիծ, որը կհամարվի պառակտման վերջը։ Եթե հակառակ խնդիրը դնենք՝ հաշտեցման և համերաշխության, կհայտնաբերենք, որ դրան հասնելու ձևերը չգիտենք, ու դա բավականին դժվար գործ է։
Կան հեշտ իրագործելի քայլեր, որոնցից կարելի է սկսել։ Որպես սկիզբ՝ պետք է դադարեցնել միտումնավոր պառակտումը՝ սկսելով ավելի զգույշ լինել հռետորաբանության մեջ։ Կրկին որպես սկիզբ՝ դադարեցնել դատաիրավական համակարգը որպես խաղալիք քաղաքական հարցերի լուծման մեջ օգտագործելը։ Սրանց կարելի է կարճ ժամանակում հասնել, և կունենանք մթնոլորտի տեսանելի լիցքաթափում։ Իհարկե, դեռևս շատ հեռու կլինենք ներհասարակական իրական հաշտեցումից։
Հաջորդ փուլում պետք է բոլոր կողմերին՝ ինքներս մեզ, պատրաստել ներհասարակական բաց ու դժվար խոսակցության։ Կազմել թեմաների ցանկ ու սկսել բաց խոսել։ Բոլոր այն հանրային նշանակության թեմաներով, որոնք կան, որոնցից հնարավոր չէ փախչել, մանիպուլացնել, շահարկել։ Խոսել է պետք՝ բաց խոսակցության ճանապարհով գնալ դեպի բաց հասարակություն։ Պետք է դուրս գալ 28 և ավել տարիների՝ ինքներս մեր մասին հորինած կեղծիքի սարդոստայնից։ Ձգտել դառնալ ավելի անսուտ հասարակութուն։ Պետք է խոսել ընտրակեղծիքների համակարգի մասին և ընդունել, որ 500-600 հազար մարդով ամեն անգամ մեր հասարակությունը մասնակից է եղել դրանց, պետական համակարգը մասնակից է եղել, գողական, թաղի տղա ու հոգևորական մասնակից են եղել, համատիրությունից մինչև ուսուցիչ, տնօրեն, մանկապարտեզ, մտավորական սոցիալական խավեր մասնակից ենք եղել, ընդդիմությունից մինչև իշխող ուժ մասնակից ենք եղել։ Շատ հեշտ է ամեն ինչը գցել երեք նախագահների վրա և դրանով իսկ հանգիստ՝ 4-րդ և հաջորդ ղեկավարներին տալ գրեթե նույնը անելու լիազորություն։ Շատ ավելի բարդ է բաց խոսելը, որպեսզի ամեն մեկը զգա և գնահատի իր մասնակցությունը՝ հաջորդ անգամ երբեք չմասնակցելու համար։
Մենք մի օր պետք է խոսենք մարտի 1-ի թեմայով։ Ոչ թե դատախազի, ՀՔԾ-ի աչքերով, այլ՝ մեր։ Ոչ թե բարիկադի կողմերի, այլ՝ մեր՝ հասարակության հայացքով։ Ու կտեսնենք, որ թեմայի շերտերն ավելի խորն են, իսկ ընթացող դատավարությունը որևէ երաշխիք չի տալիս դրա կրկնության բացառման համար և չի բերում հաշտեցման։
Մենք մի օր պետք է խոսենք թալանի, արագ հարստացման, մեր ընդհանուր կյանքի մի փուլում ծաղկած թայֆայականության, ամենաթողության մասին։ Խոսենք ու հասկանանք, թե ինչո՞ւ դիմադրության և զսպման պետական ինտիտուտները չաշխատեցին։ Միայն դրանք հասկանալով՝ մենք կկարողանանք ներկայի և ապագայի համար երաշխիքներ ստեղծել։ Ի դեպ, դրանք այսօր էլ չեն աշխատում, և առիթ-անառիթ թալանի մասին բարձր խոսելը ոչ մի լուծում չի տալիս։
Մենք մի օր պետք է խոսենք մեր մշակութային դաշտի մասին։ Պետք է արձանագրենք խնդիրները, որ կարողանանք լուծել դրանք, ոչ թե անվերջ հետաձգենք կամ քողարկենք դրանք՝ հերթական խոշոր «մշակութային իվենթով» կամ արտամշակութային սկանդալով։
Մենք պետք է խոսենք այն մասին, որ հետադիմական արժեհամակարգը հարաճուն կերպով արմատակալում է՝ դպրոցում, բուհում, պետական համակարգում, քաղաքական համակարգում, միջսեռային, միջանձնային հարաբերություններում, ամենուր։ Չե՞նք տեսնում սա, թե՞ վախենում ենք այս մասին խոսել։
Մենք պետք է խոսենք մեր քաղաքական համակարգի մասին՝ մեծ մասամբ գաղափարազուրկ, պատեհապաշտ, մեկ անձից կախված՝ անցյալում և ներկայում։ Մենք պետք է բաց խոսենք արտագաղթի մասին ու հասնենք այն կետին, թե ինչո՛ւ են ռուսական անձնագիրը և գրին քարտը ազգային պաշտամունքի առարկա։ Շատ թեմաների շուրջ է պետք բաց խոսել։
Մեր հասարակությունն ունի փայլուն շրջանակներ (անկախ՝ սերնդային պատկանելությունից), մարդկային լուրջ ու չիրացված պոտենցիալ։ Որպեսզի այդ պոտենցիալն իրացվի, զարգանա, որպեսզի այդ դրականը չխեղդվի մոլախոտի պես աճող ու մեզ խեղդող թեմաների ու իրականության մեջ, մենք պարտավոր ենք գնալ բաց, հանգիստ ներհասարակական խոսակցության։ Մենք այդ ճանապարհով պետք է լուծենք սեփական ինդենտիֆիկացիայի խնդիրը։ Ընտանիք, արժեքներ՝ ազգային, համամարդկային. այս հարցերը հենց այդ խոսակցության ժամանակ պետք է քննարկվեն, որ հասկանանք՝ որտե՞ղ ենք կեղծում և որտե՛ղ ենք իրական։ Այո, մենք խնդիր ունենք՝ դառնալու իրական հասարակություն։
Այդ մեծ խոսակցության ընթացքում մենք կսկսենք ունենալ առողջացման գնացող հասարակություն, որն օր օրի կդառնա ավելի հանդուրժող, ավելի համերաշխ, ու հետևաբար՝ ավելի արդյունավետ։
Քայլ երկրորդ. խաղի կամ համակեցության կանոններ
Ներհասարակական բաց խոսակցության ամենակարևոր հանգրվանը, կարևոր արդյունքը պետք է դառնա պետության ներսում, հասարակության մեջ խաղի նոր կանոնների, համակեցության նոր օրենքների ձևավորումը։ Նոր Հայաստանը սա է։ Հայաստանի նոր էջը սա էր։ Հանրային կյանքում, քաղաքական կյանքում, բիզնեսում, պետական կառավարման համակարգում խաղի նոր կանոններ են պետք։ Այդ կանոնները պետք է ներդրվեն մի կողմից կոշտ՝ իշխանության կողմից, մյուս կողմից՝ սահուն, ներհանրային բնական քննարկումներից ու ապրումներից հետո։ Ահա թե ինչու է կարևոր բաց ու դժվար խոսակցությունը։
- Հայաստանում ընտրություններն այլևս չպետք է կեղծվեն։ Կեղծում թույլ չտվող օրենքը քիչ է, մենք դա միշտ ունեցել ենք. կեղծում թույլ չտվող հասարակություն է պետք ունենալ։
- Քաղաքական համակարգում խաղի կանոնը պետք է շատ հստակ լինի՝ չի կարելի խաբել մարդկանց։ Չի՛ կարելի մինչև իշխանության գալը պետության կարևորագույն հարցերի շուրջ ունենալ այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո՝ լրիվ այլ։ Հարցնում ենք՝ որտե՞ղ է դեգրադացիայի աղբյուրը. խնդրեմ, սա պատասխաններից մեկն է։ Սա արժեզրկում է խոսքը, սա նշանակում է հանրային ստի ինդուլգենցիա։ Սա բերում է հանրային դեմքերի օրինականացված անպատասխանատվության։ Սա բերում է անիրազեկության հաղթարշավին, գրագիտության և զսպվածության պարտությանը։
- Հայաստանում պաշտոնյան մի քանի տարում չպետք է դառնա խոշոր փողատեր՝ սեփականության ահռելի դիզմամբ ու կենցաղային սրընթաց ճոխությամբ։ Սա սոցիալական շերտերի համակեցության կարևոր պայման է։
- Հայաստանում բիզնեսը պետք է մուծի բոլոր հարկերը։ Խոշոր բիզնեսը չպետք է ունենա որևէ լծակ՝ կոռուպցիոն, բարեկամական և այլն, հարկեր չմուծելու։ Նման բան անող բիզնեսմենը չպետք է ունենա հնարավորություն՝ փողոց դուրս գալու։
- Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապրեն զուսպ և ասկետիկ կյանքով։ Բացատրությունը, թե «վայելքները» նախատեսված են օրենքով, իրականում խոսում է այս շատ կարևոր գաղափարը չգիտակցելու մասին։ Քանի դեռ Հայաստանում բարձրաստիճաններն «օգտվում են» օրենքով նախատեսված՝ նոր տուն, նոր մեքենա, նոր ինքնաթիռ համակարգից, նոր Հայաստան չի լինելու։ Որովհետև չի գործելու սոցիալական համերաշխության գաղափարը։ Խզվածությունը շատ մեծ է լինելու, նստվածքը՝ անդուր․ Հայաստանը փոքր, ոչ հարուստ պետություն է, մարտական դիրքում զինվոր ունեցող պետություն է, հետևաբար՝ իշխանական էլիտան պետք է ապրի ընդգծված, եթե կուզեք՝ ցուցադրական կերպով համեստ և զուսպ։
Չեմ ուզում ծանրանալ համակեցության և խաղի կանոնների բոլոր ուղղությունների վրա։ Հիմնականները շատ չեն, և եթե դրանց հասնենք, ապա մյուս բոլոր կյանքի ոլորտներում կգործեն նույն սկզբունքները՝ օրենք, բարոյական նորմեր, հարգանք։ Այն ամենը, ինչը միասին վերցրած կոչվում է պետական մտածողություն։
Քայլ երրորդ. անվտանգություն և զարգացում
Մենք և օտարները հաճախ մեր խնդիրները դիտարկում ու բացատրում են՝ օգտագործելով «անցումային պետություն» ձևակերպումը։
Իրականում «անցումային պետության» փուլը մենք հաղթահարել ենք։ Այսօր մենք նոր փուլում ենք՝ «կենցաղային պետության» փոսում։ Սա լրիվ այլ առանձնահատկություններով փուլ է, սրա ռիսկերը և ժամկետային սահմանափակումներն այլ են, ինչպես և այլ են դրա հաղթահարման ճանապարհները։ Շատ ու շատ պետությունների այդպես էլ չի հաջողվել դուրս գալ այդ փուլից։
«Կենցաղային պետության» հաղթահարման համար պետք են միասնական գաղափարներ։ Գաղափարներ, որոնք կլինեն պետության շարժիչը, որոնք կլինեն յուրաքանչյուրինս, և ամեն մեկը իր տեղում կնպաստի դրան։ Անվտանգությունը և զարգացումը համակարգաստեղծ գաղափարներ են, որոնք պարտադիր ենթադրում են ենթագաղափարներ և ենթաանելիք։ Սրանք գաղափարներ են, որոնք հստակ սահմանում են ընթացիկ և հետագա անելիքի ու Չանելիքի քայլերը։ Մեր քայլերը՝ ընդհանուր հաջողության մեջ։
Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք «բարեփոխումներ՝ բարեփոխումների համար» ծուղակում։ Սա որևէ կապ չի ունենա զարգացման հետ։ Կա հավանականություն՝ հաջորդաբար փոխվող իշխանությունների պարագայում կորցնել շարունակականությունը և բարեփոխումների տրամաբանական, էվոլյուցիոն ընթացքը (մենք հիմա կարծես թե արդեն գտնվում ենք այդ ծուղակային ճանապարհի սկզբում)։
Վերջին շրջանի ցածրորակ բանավեճերի, ճամբարների բաժանված տեսակետների փուլում մի դրական բան, այնուհանդերձ, կար. շատ ու շատ մարդիկ չմասնակցեցին, մի կողմ քաշվեցին՝ հասկանալով, գիտակցելով, զգալով, որ սա իրենց փուլը չէ։ Սա ցույց է տալիս, որ կա պոտենցիալ, որը մոլորված է, բաց որն ուզում է զարգացում, որն ուզում է վերջապես հայտնվել 21-րդ դարում, առաջընթաց է ուզում։
Հետադիմական տեսակետների բախումից առաջադիմական գաղափարներ չեն ծնվում։ Հետադիմական պատկերացումների բանավեճից զարգացման ծրագրեր չեն ծնվում։
Անվտանգությունը և զարգացումը այն «գերգաղափարներն» են, որոնք պետք է դրվեն պետության հիմքում և որոնք մագնիսի պես դեպի իրենց են քաշելու առաջադիմական մարդկանց ու գաղափարները։ Դրանք այն գերգաղափարներն են, որոնց տակ պետք է կատարվեն կառուցվածքային և համակարգային բարեփոխումները։ Հայաստանում իշխանությունները կարող է և պետք է փոխվեն, բայց պետությունը պետք է ունենա կայուն գերնպատակներ, որոնք առաջիկա երկար ժամանակներում անձեռնմխելի են։ Այդ դեպքում փոփոխվող իշխանությունները կբերեն թարմություն և նոր լիցքեր, բայց չեն բերի իրենց հետ պետությունը վտանգելու կենսական ռիսկեր։
«Իմ քայլի» շնորհիվ մենք ունեինք լավ հնարավորություն՝ 2018-ից ստեղծելու նոր էլիտա, բայց փոխարենն ընտրվեց նոր կլան ստեղծելու ուղին։ Սրան պետք է հաջորդի «մեր քայլը»։ Երկրում ազգային-առաջադիմական գաղափարների հաղթանակը՝ իր երեք քայլով. ներհայաստանյան հաշտեցում, խաղի և համակեցության նոր կանոններ, անվտանգության և զարգացման միասնական աշխատանքային օրակարգ։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»