«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին GG առցանց ծառայությունը առավոտյան եւ երեկոյան պիկ ժամերին գրեթե կրկնակի բարձրացրել է սակագները։ Նախկինում նման պրակտիկա կիրառում էին նաեւ առցանց տաքսի այլ ծառայությունները։
GG-ն ծառայության բջջային հավելվածից օգտվող հաճախորդներին սակագնային փոփոխության մասին ծանուցել է նամակի միջոցով. «Պատվերների նվազագույն արժեքները կարող են փոփոխվել քաղաքի ծանրաբեռնվածությունից ելնելով, ինչը հնարավորություն կտա համալրելու համակարգը նոր գործընկերներով եւ զերծ մնալու նախկին ուշացումներից»։ Այսինքն՝ հաճախորդների գրպանի հաշվին փորձում են նոր վարորդների ներգրավել համակարգ։
Իսկ պիկ ժամերը տեւում են բավական երկար‚ մասնավորապես‚ երեկոյան պիկ ժամ կոչվածը սկսվում է մոտավորապես 16.30-ից եւ ձգվում մինչեւ ասենք ժամը 20.30-ը։ Այս նորամուծությունից վարորդները գոհ են‚ նշում են‚ որ խցանումների պատճառով երկար ժամանակ են ծախսում մեկ պատվեր իրականացնելու համար‚ իսկ սակագնի բարձրացումը փոխհատուցում է ժամանակի կորուստը։
Բնականաբար‚ այս փոփոխությունից դժգոհ են տաքսի ծառայությունից օգտվողները։ Եթե վարորդի ժամանակի հավելածախսը փոխհատուցվում է բարձր սակագնով‚ ապա քաղաքացիների մոտ տրամագծորեն հակառակն է. խցանումների մեջ մնալու համար վերջիններս ստիպված են վճարել ավելի շատ։
Այս փոփոխությունից հետո շատ քաղաքացիներ հարցնում են՝ արդյոք առցանց տաքսի ծառայություններն իրավասու՞ են սեփական քմահաճույքով բարձրացնել-իջեցնելու տաքսի ծառայության սակագները՝ երբ եւ ինչքան ուզեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: