Ինչու է կասեցվել «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց հայկական «Տարոն-Ավիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը: Lրագրողների հետ զրույցում Տ. Ավինյանը նշեց, որ ընկերությունը խնդիր է ունեցել եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ:

«Հայաստանը չի կարող նպաստավոր լինել այն ընկերությունների համար, որոնք որոշակի միջազգային ստանդարտներով և կանոններով չեն ուզում առաջնորդվել: «Տարոն Ավիա»-ն խնդիր է ունեցել եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ: Եվրոպական մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ ընկերությունը որոշակի ստանդարտներին չի համապատասխանում, և խնդրահարույց են թռիչքները: Մենք որակական առումով բոլոր ուղղություններով խստացնում ենք մեր պահանջները: Իհարկե, ցավալի է, որ հայկական ընկերությունը ստիպված է դուրս գալ շուկայից, բայց, եթե մենք խոսում ենք թռիչքային անվտանգության մասին, դա պետք է լինի մեր գերակայությունն ու առաջնահերթությունը, և այստեղ զիջելու տեղ չունենք»,- ասաց Ավինյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է. «Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում’ գործունեությունը դադարեցնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»,- նշված էր հրապարակման մեջ:

168.am