Ավինյանի խորհրդականը դարձել է Հայաստանի խոշորագույն նախագծային ընկերության սեփականատեր. Սարհատ Պետրոսյան

Անշարժ գույքի կադաստի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադարձել է իր հրաժարականի պատճառներին ու փակագծեր բացել:

Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ՝ երբ ասում էր, որ այլևս չի կարող հանդուրժել «կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», նա պատասխանել է. «Պատասխանեմ Տիգրան Ավինյանի հարցերին: Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող քաղաքաշինության  կոմիտեի նախկին ղեկավարը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ծավալել, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային ընկերության սեփականատեր և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր»: Նա հստակեցրեց, որ խոսքը Ավետիք Էլոյանի մասին է:

Պետրոսյանը հավելեց, որ դրա մասին տեղյակ են բոլորը, նաև Ավինյանը: Իսկ ճատարապետական համայնքը, ըստ Սարհատ Պետրոսյանի, բերանը բաց ասում է՝ նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ այսքան բացիեբաց չէր այս ամենը: «Հայաստանում պետական պաշտոնյան, որը նախկինում Հայաստանում ոչ մի գործունեություն չի ունեցել, նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է: Իսկ շահերի բախումը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել ու ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է: Ես մի դրվագ եմ ուզում նշել: Եթե իրավապահ մարմինները, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ուզում է հետամուտ լինի, թե իրենց կուսակցությունը ներկայացնող անհատների թիմերն ինչ գործունեություն են ծավալում, ապա կարող են ստուգել: Ես պատրաստ եմ էլի փաստեր ներկայացնել»,- նշեց Սարհատ Պետրոսյանը:

Անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ իր հասցեին արված հայտարարություններին՝ Պետրոսյանը նշեց. «Ավինյանը տարօրինակ հայտարարություն է անում, որ միգուցե ես չեմ տիրապետում քաղաքաշինության ոլորտին, չեմ ղեկավարել ոլորտը: Այն ժամանակ, երբ ես քաղաքաշինական ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռևս դպրոցում էր սովորում: Ողջ իմ գործունեության ընթացքում ես հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի փորձագետ: Ավինյանից ևս երկու տարի կպահանջվի, որ նա քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ ունենա այն պատկերացումները, ինչ ունի այն մարդը, ով ճարտարապետություն է սովորել: Ես Ավինյանին մի քանի անգամ ասել եմ՝ այն, ինչ անում եք, սխալ է, մի արեք դա, հետո խնդիրներ են լինելու»,- ասաց նա:

168.am