Ինչու է Փաշինյանի ձեռագիր երկտողը հայտնվել Ալեքսանյանի դստեր ֆաբրիկայում. ինչ խնդիր է լուծում վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Asa Garment ընկերության ֆաբրիկայի բացմանը. ֆաբրիկայում տեղադրված էր Նիկոլ Փաշինյանի երկտող ձեռագիրը՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։

168.am-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը նշեց, որ այդ պաստառի՝ կարի ֆաբրիկայում հայտնվելը վկայում է ոչ միայն Սամվել Ալեքսանյանի և Նիկոլ Փաշինյանի համագործակցության և ընդհանուր շահի, այլ նաև՝ Փաշինյանի կողմից ժողովրդին ուղղված հաղորդագրության մասին։

«Տեսե՛ք, անգամ այդ կարի ֆաբրիկայում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ժողովո՛ւրդ, սիրում եմ քեզ։ Բայց սերն այլ դրսևորումներ էլ է ունենում. չէ՞ որ սերը ենթադրում է ռոմանտիկա և հոգատարություն. Այսինքն՝ նա, ում սիրում է Փաշինյանը, պետք է նրանից հոգատարություն զգա։ Եթե նայում ենք այս տեսակետից, ապա ֆիքսում ենք, որ Փաշինյանի պարագայում ռոմանտիկան կա, իսկ հոգատարությունը՝ ոչ»,- ասաց Նալչաջյանը՝ նշելով, որ, թեև այդ պաստառներն ու ընտրված երկտողն ինքը համարում է ճիշտ մշակված PR քայլ, սակայն ակնհայտ է, որ դրանով ժամանակավոր խնդիր է լուծում Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միևնույն է՝ ժողովրդի և Փաշինյանի միջև արդեն ակնհայտ է կապի խզումը։

«Հեղափոխությունից հետո մարդիկ, երբ քաշվեցին իրենց տները, իսկ նրանք՝ իրենց պալատները, այդ խզումն ավելի ակնհայտ դարձավ։ Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ Փաշինյանի երկու ժամանոց լայվերն էլ են պակասել, ինչը հեղափոխությունից հետո կար, նա պատասխանում էր քաղաքացիների հարցերին։ Փաշինյանը հիմա դա չի անում, որովհետև ժողովրդի հետ կապն է խզվում»,- ասաց հոգեբանը։

Հիշեցնենք, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել էր որոշում` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։

Նշենք, որ 48 մլն 900 հազար դրամն առանց մրցույթի տրվել է «Անտարես» հրատարակչությանը, որը պարտավորվել է տպագրել 82 պաստառ, որոնք փակցվելու են ոչ միայն՝ Հայաստանում, այլ նաև՝ Արցախում։