Ձմռանը կհաջողվի՞ խուսափել Վերին Լարսի խնդիրներից

Հայաստանում առկա է տրանսպորտային և ճանապարհային կոմունիկացիաների խնդիր, որոնց բարեկարգման հարցն առաջնային է մշտապես: Նաեւ խնդիր կա առկա հնարավորությունները առանց խնդիրների եւ անխափան օգտագործելու առումով, քանի որ մեր հիմնական ուղիներից մեկը՝ Վերին Լարսը հատկապես հաճախ է խնդիրներ առաջացնում տարբեր պատճառներով, իսկ առջեւում ձմեռ է եւ եղանակային պայմաններն էլ իրենց հերթին են բարդացնում խնդիրները: Ի՞նչ է արվում նախապես՝ այդ խնդիրներից հնարավորինս խուսափելու համար եւ, ընդհանրապես, արդյո՞ք մեր երկրում փորձեր արվում են այլընտրանքային կոմունիկացիաներ գտնելու եւ կյանքի կոչելու համար:

Ի՞նչպես ենք պատրաստվում ձմռանը՝ հատկապես Վերին Լարսում սովորաբար արձանագրվող խնդիրներից հնարավորինս խուսափելու համար: Փորձեցինք այս հարցերի պատասխանները որոնել ինչպես պետական այնպես էլ մասնավոր հատվածներում, խոսքը տվյալ դեպքում՝ մասնավոր բեռնափոխադրումներով զբաղվողների մասին է:

Մենք մասնավոր բեռնափոխադրողների տեսանկյունից ենք հարցը դիտարկում՝ հաշվի առնելով անցած տարիների փորձը: Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում ասաց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ երբեք հնարավոր չի լինում բացառել Վերին Լարսի փակվելը թե՛ ռուսական կողմից, թե՛ վրացական: Հենց սա հաշվի առնելով էլ համապատասխանաբար պլանավորվում են մասնավոր բեռնափոխադրումների իրականացումը, կազմվում թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ժամանակացույցը՝ որքան ժամանակահատվածում է հասնում բեռը հասցեատիրոջը: Ինչ վերաբերում է այս ոլորտում պետական ատյանների եւ մասնավոր հատվածի համագործակցությանը՝ հնարավոր կրկնվող խնդիրների լուծման առումով, Էմիլ Ստեփանյանն ասաց.

«Պետության տեսանկյունից, ես, ճիշտ որ ասեմ, չունեմ տեղեկություն, որ պետությունը՝ Հայաստանի պետական մարմինները, ինչ-որ մի կերպ պատրաստվում է: Թեպետ, շատ լավ կլիներ, եթե բարոյական եւ այլ կարգի աջակցություն նախատեսվեր»:

Հաճախ է եղել, որ մինչեւ 10-15 օր վարորդները մնում են ճանապարհի վրա օտար երկրում եւ իրենք իրենց կամ բարեկամ-հարազատների միջոցներով հոգում են կարիքները, օրինակ՝ խանութներ չկան՝ հաց են հասցնում: Լավ կլիներ, որ գոնե այս մասով պետությունը հոգար իր քաղաքացիների մասին՝ կարծում է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի ղեկավարը.

«Ես ունեմ տեղեկություն, որ ամեն ինչը կատարվում է մասնավորի ջանքերով՝ իրենք իրենց ընկերներով, բարեկամներով եւ այլն, եւ այլն: Ձմեռվա հետ կապված այսպիսի խնդիրներ կան, մենք չունենք տեղեկությունները, որ պետությունը ինչ-որ կերպ պատրաստվում է, մասնավորներն էլ իր վրա չի զգացել»:

Հարցի հետ կապված մենք պարզաբանումներ ենք խնդրել նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից: Այնպես չէ, որ պետական մարմինները ձեռքերը ծալած նստած են՝ մինչեւ խնդիրների կուտակումը: ՏԿ եւ ենթակառույցների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյան. «Արտակարգ իրավիճակների պարագայում Հայաստանի կողմից կարող է օգնության առաջարկ արվել եւ արվում է՝ խնդիրը հաղթահարելու համար»:

Խոսելով հնարավոր այլընտրանքային կոմունիկացիաների մասին՝ Էմիլ Ստեփանյանը նկատեց, որ Վերին Լարսին միակ նորմալ այլընտրանքը կարող է լինել միայն աբխազական եւ օսեթական ճանապարհները, այն էլ՝ քաղաքական խնդիրների պատճառով գտնվում է ռուս-վրացական հարթությունում, չնայած, մեծ հաշվով այդ ճանապարհները առավելաբար Հայաստանին են անհրաժեշտ:

ՏԿԵ նախարարությունում եւս այս ուղղությունը Վերին լարսին շատ օպտիմալ այլընտրանք են համարում, սակայն, այստեղ կան այլ խնդիրներ. գերատեսչության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանն ասում է. «Բայց այս ծրագիրը ռուս-վրացական բանակցությունների հետագա ընթացքից է կախված՝ մեծ հաշվով: Ասեմ, նաեւ, որ քննակումներ են ընթանում Լարսի «միջանցքի» լայնացման հետ կապված՝ թե՛ ռուսական կողմից, թե՛ վրացական կողմից, որպեսզի որոշակիորեն այդ ծանրաբեռնվածությունը թեթեւանա»:

Էմիլ Ստեփանյանը կարծում է, որ հաշվի առնելով մեր սահմանափակ հնարավորությունները, Հայաստանի պետական ատյանները նաեւ լուրջ անելիքներ ունեն՝ Վերին Լարսի հետ կապված: Այստեղով պետք է հայկական բեռներն առանց կանգնելու անցնեն՝ առանձին գծով. կանաչ լույսով եւ, նույնիսկ, առանց հերթի:

Փորձագետը կարծում է, որ նաեւ պետք է մտածել օդային ճանապարհները հեշտացնելու, էժանացնելու մասին: Եթե վերգետնյա ճանապարհների 60-70 տոկոսը փակ են, ապա՝ դրանց այլընտրանքը նաեւ օդային ճանապարհներն են: Նկատելով, որ «Ռյանէիր»-ի մուտքը հայկական ավիաշուկա բավականին նոր, բավականին հարմար իրավիճակ է ստեղծելու ուղեւորափոխադրումների առումով, Էմիլ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ նույնպիսի պատկեր հնարավոր է ստանալ նաեւ բեռնափոխադրումների համար, եւ դրա ուղղությամբ պետք է աշխատել լրջորեն: Հեշտ ու էժան չէ, բայց ռազմավարական տեսանկյունից խիստ անհրաժեշտ են այդ ուղղությամբ պետական քայլերը, բանակցելը՝ եզրափակեց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

armradio.am