Գրանցված աշխատողների թվաքանակն աճում է․ որքանով է ճիշտ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին Հայաստանի մասին 100 նոր փաստ ներկայացնելիս նշել էր, որ 2018-ի մայիսից ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս):

«Որպեսզի ամբողջական լինի պատկերը, ասեմ, որ անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ այս թիվը 32 հազար էր ավելացել, հետո հունվարին մենք որոշակի անկում ունեցանք, հետո փետրվարին դարձավ 52 հազար, հիմա՝ 64 հազար: Նկատի ունեմ` որոշակի սեզոնայնության պատմականորեն անկումներ գրանցվում են: Այս պահի դրությամբ այս է թիվը»,- նշել է վարչապետը։

Այնուհետև վարչապետը ներկայացրել էր ի հայտ եկած նոր աշխատատեղերի եկամտային հարկի սանդղակը, ըստ որի՝ մինչև 150 հազար դրամ եկամուտ ստանում են 11 հազար 536-ը, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն-ից ավելի եկամուտ ստացողների քանակը՝ 627։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է Փաշինյանի հայտարարության իսկությունը՝ ուսումնասիրելով Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակի դինամիկան։

Ավելացե՞լ են գրանցված աշխատողների թիվն ու եկամուտը

Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2018 թ. մայիսին գրանցված աշխատողների թիվը եղել է 548 հազար 27։ Նրանց 67,9 տոկոսը՝ 372 հազար 243 մարդ, ստացել է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ։ 150 հազարից մինչև երկու միլիոն աշխատավարձ ստացողները եղել են 174 հազար 235 կամ մոտ 32 տոկոս, իսկ մոտ 0,3 տոկոսը՝ 2 մլն-ից ավելի։

2019 թ․ հուլիսի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը 607 հազար 405 է, աճը, ըստ այդմ, 2018-ի մայիսի համեմատ, կազմել է մոտ 10 տոկոս։

2019-ի հուլիսի դրությամբ մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացել է վերոնշյալ 607 հազարից 387 հազարը կամ 63,8 տոկոսը, 150 հազարից մինչև 2 մլն՝ 217 հազար մարդ կամ 38․8 տոկոսը, իսկ 2 մլն-ից ավելի՝ 2194-ը կամ 0,37 տոկոսը։

Նախարարության տրամադրած տվյալներում, սակայն, անհամապատասխանություններ կան վարչապետ Փաշինյանի հայտարարության հետ։ Հաշվի առնելով, որ պաշտոնական աղբյուրները տրամադրում են գրանցված աշխատողների թվի վերաբերյալ տեղեկատվություն մինչև այս տարվա հուլիս ամիսը ներառյալ, հետևաբար՝ 2018-ի մայիսից մինչև այս տարվա հուլիս գրանցված աշխատողների թիվն ավելացել է 59 հազարով։ Մինչդեռ Փաշինյանն իր ելույթում խոսում է 65 հազար նոր աշխատատեղերի մասին։

Այսպիսով, նախորդ տարվա մայիսի համեմատ, այս տարվա հուլիսի դրությամբ մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեցողների քանակն ավելացել է 15 հազարով, մինչև 2 միլիոն եկամուտ ունեցողներինը՝ 42 հազարով, իսկ 2 միլիոնից ավելի եկամուտ ստացողների թիվն ավելացել է 645-ով։

Ամբողջությամբ՝ fip.am