Ոչ մի պատասխան չունեցանք` ո՛չ դրական, ո՛չ բացասական. Մարգարիտա Խաչատրյանը` վարչապետի հետ հանդիպման մասին

Ոչ մի պատասխան չունեցանք` ո՛չ դրական, ո՛չ բացասական: Այս մասին Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հանդիպումից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Սպասում ենք իրենց զանգին, և ևս մեկ անգամ ասացին, որ հեռախոսով կամ հանդիպման միջոցով տեղյակ կպահեն մեր հարցի վերաբերյալ»,-ասաց Խաչատրյանը` նշելով, որ Կառավարությունից առաջարկ է եղել դիմել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:

Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը բողոքում են, որ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել: Նրանք բողոքում են, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ դրանց:

«Մենք ասացինք, որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ստեղծված է 2017թ.-ից, մենք ունենք 1990թ.-ից կորուստներ, և ակնկալում ենք թե՛ ազատամարտիկների, թե՛ զինհաշմանդամների, թե՛ զոհվածի ընտանիքների նկատմամբ հարգալից վերաբերմունք, ֆինանսական աջակցություն: Իսկ «1000 դրամի» հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը մեր պահանջների հետ ոչ մի կապ չունի: Մենք ակնկալում ենք, որ վարչապետը կառավարության նիստով որոշում կկայացնի և մեր հարցին կտա լուծում»,-ասաց Խաչատրյանը` նշելով նաև, որ վարչապետին 6646 հոգու անուն է փոխանցել, որը վարչապետին մտածելու տեղիք է տվել:

Tert.am