Առողջական ինչ խնդիրներ կարող են զարգանալ եղունգների լաքի գործածության հետևանքով

Բժիշկներն ու փորձագետները ներկայացրել են, թե առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ եղունգների լաքի գործածությունը: Ինչպես գրում է iz.ru-ն՝ հղում անելով riafan.ru-ին, եղունգների լաքի գործածության գլխավոր վտանգն օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունն է:

ՌԴ ԳԱ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի ինժեներ-հետազոտող Օլգա Մուլինայի խոսքով՝ լաքի արագ խտացումից խուսափելու համար արտադրողները դրան ֆորմալդեհիդ են ավելացնում, ինչը կարող է հանգեցնել օնկոլոգիական հիվանդությունների զարգացման, իսկ ճաքերի ու անհարթությունների առաջացումը կանխող դիբուտիլֆտալատը խիստ բացասաբար է անդրադառնում էնդոկրին (ներզատական) համակարգի վրա:

Միևնույն ժամանակ տոքսիկոլոգ Եվգենյա Կովալևան ընդգծել է, որ այս նյութերի ազդեցության հետևանքները կարող են ի հայտ գալ տարիներ անց: Ընդ որում՝ առավել շատ կտուժեն լյարդն ու թոքերը, քանի որ դրանք կարող են դառնալ լյարդի ցիռոզի կամ օբստրուկտիվ բրոնխիտի զարգացման պատճառ:

Բացի այդ, մասնագետները նշել են, որ ժամկետն անց եղունգների լաքի գործածությունը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ այդ դեպքում դրանում առաջանում են նոր տոքսիկ միացություններ, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել առողջության համար: Սա է պատճառը, որ փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել «3-FREE» կամ «5-FREE» պիտակավորմամբ եղունգի լաքերը, ինչը կվկայի, որ դրանցում բացակայում է առողջության համար վտանգավոր երեք կամ հինգ միացություն:

Tert.am