Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել կոպի թրթռոցը

Կոպի թրթռոցը ծանոթ է յուրաքանչյուրին: Որպես կանոն նման սպազմներն անվնաս են լինում և անցնում են առանց որևէ միջամտության, սակայն եթե սպազմը շարունակում է անհանգստացնել մի քանի շաբաթ շարունակ, ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել, քանի որ այն կարող է պայմանավորված լինել առողջական մի շարք խնդիրներով:

Զարկերակային բարձր ճնշում

Զարկերակային ճնշման բարձրացման դեպքում բաբախող արյունատար անոթը կարող է գրգռել աչքի նյարդը, ինչի հետևանքով թրթռում է կոպը: Սա է պատճառը, որ այս խնդրի հաճախակի կիրկնության դեպքում հարկավոր է պարբերաբար չափել զարկերակային ճնշումը: Հարկ է հիշել, որ մշտապես բարձր զարկերակային ճնշումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում նաև հանգեցնել սրտային անբավարարության կամ գլխուղեղի կաթվածի:

Սթրես ու հուզական հյուծում

Մշտապես թրթռացող կոպը կարող է պայմանավորված լինել սթրեսով ու հուզական հյուծվածությամբ: Այս կերպ օրգանիզմը փորձում է հուշել, որ ունի հանգստի կարիք:

Մագնեզիումի դեֆիցիտ

Մագնեզիումը շատ կարևոր տարր է մկանների ու նյարդերի աշխատանքի համար, ուստի այս տարրի դեֆիցիտը դրսևորվում է մկանային ջղաձգումներով ու սպազմներով: Եթե կոպի թրթռոցն ուղեկցվում է նաև այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են գլխացավերն ու քնի խանգարումները, ապա խնդիրն ամենայն հավանականությամբ պայմանավորված է մագնեզիումի դեֆիցիտով:

Վահանագեղձի հիվանդություններ

Վահանագեղձն արտադրում է եռյոդթիրոնին (Т3) և թիրօքսին (Т4) հորմոններ, որոնք ազդում են նյարդային համակարգի գործառույթների վրա, կարգավորում են մարմնի ջերմաստիճանն ու մասնակցում են նյութափոխանակության գործընթացներին: Եթե այս հորմոնները նորմայից շատ են արտադրվում, ապա կարող են ի հայտ գալ այնպիսի տհաճ խնդիրներ, ինչպիսին են սրտխփոցը, նյարդայնությունն ու ջղաձգումները:

Ալկոհոլի չարաշահում

Ալկոհոլի գործածությունը երկարատև վնաս է հասցնում գլխուղեղին և կարող է հանգեցնել նյարդային ազդակների փոխանցման գործընթացի խանգարման: Նման խնդիրների ակնհայտ ախտանշաններից կարող է լինել կոպի անկառավարելի թրթռոցը:

Նյութի աղբյուրը՝ med2.ru