Սերգեյ Բագրատյանը Կառավարության ներկայացրած նախագծում մենաշնորհի վերադարձի վտանգ է տեսնում

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում» և մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից  հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները:

Ազգային ժողովում նախագիծը ներկայացնող Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ արդյոք այս քայլով «Էներգաիմպեքս» ընկերությանը մենաշնորհային արտոնություն չի՞ տրվում, և  արդյոք այս նախագիծը չի՞ հակասում 2018 թվականի հուլիսի 1-ին ընդունված այն օրենքին, որով ազատականացվել է էներգետիկայի արտադրությունն ու արտահանումը։

Նարեկ Բաբայանն ի պատասխան՝ նշեց, որ, «Էներգաիմպեքս» ընկերությունից բացի, այլ ընկերություն չի ստեղծվել, որը զբաղվի այդ գործունեությամբ։

«Մյուսը, որն ավելի կարևոր է, պետական լիազոր մարմինն իր համար  ռազմավարական կարևոր նշանակության խնդիր է համարում այս ընկերության գործունեության կարգավորումը»,- հավելեց Բաբայանը։

Սերգեյ Բագրատյանի համոզմամբ՝ պետք է հասկանալ, թե արդյոք Կառավարության ներկայացրած այս նախագիծը մրցակցային իրավիճակը խաթարելուն ուղղված քա՞յլ է, թե՞ ոչ։

«Նորից պետական կարգավորման հարթության վրա թողնելով՝ մենք հնարավորություն ենք ստեղծում մենաշնորհեցման գործընթաց իրականացնել, հետևաբար, առաջարկում եմ ստեղծել հնարավորություն, որ մասնավոր ընկերությունները մրցակցային դաշտում մեծածախ գնելու և արտահանելու իրավունք ևս ունենան»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

168.am