Մենք գլորվել ենք դեպի 90-ականներ՝ երբ ազատ խոսքը ոչ միայն պաշտպանված չէր, այլեւ օրենսդրական դաշտն ու ավանդույթներն էլ մշակված չէին եւ մի գիշերում հնարավոր էր 10 լրատվամիջոց փակել՝ ջարդուփշուր անելով խմբագրությունները։ Իհարկե, հետագայում էլ իրավիճակը ԶԼՄ-ների համար փայլուն չէր՝ 2002 թվականին փակվեց «Ա1 +» հեռուստաընկերությունը, 2010-ից լրատվամիջոցների դեմ դատական հայցերի հեղեղ սկսվեց, մի շարք լրատվամիջոցների նկատմամբ ֆինանսական տուգանքներ սահմանվեցին։ Բայց մեկ տարի անց այդ հեղեղը դադարեց եւ մարդիկ հասկացան, որ նախ՝ դատարանները միշտ չէ, որ հօգուտ հայցվորների են լուծում հարցը, երկրորդ՝ այդ հայցերով հնարավոր չէ խոսքի ազատությունը սահմանափակել եւ լրագրողների բերանը փակել։ Իսկ հիմա, փաստորեն, դարձ ի շրջանս յուր։
Բոլոր այն ճնշումներին, որ իրենց մաշկի վրա վերջին մեկ տարում զգացել են լրագրողներն ու լրատվամիջոցները, վերջին շրջանում գումարվել է նաեւ քննչական մարմինների ճնշումները։ Բոլոր այն հոդվածները, որոնք իշխանությունների քիմքին հաճո չեն, դառնում են իրավապահների սեղանի նյութ։ Եւ չնայած յուրաքանչյուր քննիչ ու քննչական մարմին հարյուր-հազարավոր գործեր ունի եւ, թվում է, հոդվածների հետքերով ձեւական քննություն կատարելու ժամանակ չպետք է ունենա, բայց խմբագրությունները սկսել են «պաչկաներով» գրություններ ստանալ՝ ձեր նյութի աղբյուրը տրամադրեք, խմբագիրներին սկսել են հարցաքննությունների հրավիրել։
Այսօր մենք հերթական գրությունն ենք ստացել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնից։ Ինչ է գրում մեզ արդարադատության առաջին դասի խորհրդական Մ․ Ֆ․ Դավթյանը։
Ամբողջությամբ՝ hraparak.am