ՌԴ առողջապահության մայրաքաղաքային դեպարտամենտի գլխավոր արտահաստիքային մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը նշել է, թե երբ է հակաբիոտիկներով բուժումը վտանգավոր լինում առողջության համար: Մասնագետի խոսքով՝ հակաբիոտիկների ընդունումը կարող է խիստ վտանգավոր լինել, եթե մարդը փորձում է դրանց միջոցով բուժել վիրուսները:
Տյաժելնիկովն ընդգծում է, որ հակաբիոտիկները նախատեսված են մանրէներով պայմանավորված հիվանդությունների բուժման համար: Դրանք զրկում են օրգանիզմ ներթափանցած մանրէներին կիսվելու և տարածվելու հնարավորութունից՝ դրանով իսկ նպաստելով բուժմանը: Սակայն այս դեղամիջոցները որևէ կերպ չեն ազդում վիրուսների վրա, քանի որ դրանք չունեն բջջային պատեր և բազմանում են միայն հիվանդի օրգանիզմի բջիջներում:
«Հակաբիոտիկներով վիրուսների, մասնավորապես, սուր շնչառական վիրուսային վարակի բուժումը որոշ դեպքերում կարող է վտանգավոր լինել առողջության համար: Հակաբիոտիկները լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, այդ թվում վատթարացնում են իմունային համակարգի, լյարդի ու երիկամների աշխատանքը, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում», – նախազգուշացնում է Տյաժելնիկովը:
Մասնագետի խոսքով՝ այս դեղորայքի գործածությամբ ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել: Նման դեղամիջոցները պետք է նշանակի բացառապես բժիշկը: Հարկ է հիշել, որ հակաբիոտիկների սխալ գործածությունը կարող է դառնալ ստամոքսի ու լորձաթաղանթների միկրոֆլորայի դիսբալանսի պատճառ ու նպաստել հակաբիոտիկակայուն մանրէների առաջացմանը:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru