Պետք լինի, այո, պետք է գան ու պետք է խոսեն. Փաշինյանի եղբոր տղան` Սերժ Սարգսյանի մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ստեղծված` ապրիլյան պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի անդամ Սիփան Փաշինյանին հարցրինք․ ե՞րբ են պատրաստվում կանչել Սերժ Սարգսյանին։ «Անկախ նրանից` դա կլինի Սերժ Սարգսյանը, թե Պողոս Պողոսյանը, մենք որևէ կաշկանդվածություն չունենք որևէ մեկին, ըստ անհրաժեշտության, հանձնաժողով կանչելու։ Պետք լինի, այո, պետք է գան ու պետք է խոսեն»:

«Իմ քայլում», փաստորեն, ենթագիտակցական ասոցիացիա է Պողոսի, Պողոս Պողոսյանի հետ. թավշյա հեղափոխության կոդերի՞ց է։ «Իսկ Դուք տեղյա՞կ չեք․ հայ լինելով, մեր հասարակության մեջ մեծացած լինելով՝ Ձեզ հայտնի՞ չէ, որ միշտ ասում են` Պողոս կամ Պետրոս։ Հետևաբար, դա նորմալ է, որ մենք Պողոս ենք ասում»: Իսկ կիսո՞ւմ եք կարծիքը, որ այլևս Պողոսը չպետք է որոշի Ամուլսարի և նման խնդիրների ճակատագիրը: «Պրովոկացիոն հարց է, ասեմ` ինչու. միտքը հայտնվել է և երկու մեկնաբանության է արժանացել, ում ինչպես հարմար է, այդպես է օգտվում այդ մտքից։ Դուք, քանի որ «հաԳահեղափոխական» եք, փորձում եք բացասական տրամաբանության մեջ մեկնաբանել այն»:

Դուք դեռ սիրում և հաշվի՞ եք նստում Պողոսի հետ: «Եթե Պողոս ասելով նկատի ունեք հասարակությանը, իսկ ես վստահ եմ, որ դա նկատի ունեք, որովհետև Դուք «հաԳահեղափոխական» եք և վատ երանգներով եք ներկայացնում, մենք, ի տարբերություն նախկին իշխանությունների, ամենօրյա ռեժիմով չենք սպանում և անարդարությամբ, դատարաններին թելադրելով չենք զբաղվում»: Միայն փակում եք դատարանների դռները։ «Հայաստանի Հանրապետությունում ցանկացած քաղաքացի իրավունք ունի քայլելու իր երկրում և գտնվելու ցանկացած տեղ, ցանկացած շենքի մոտ»:

analitik.am