«Եթե մաքսատուրքը բարձրացնեն՝ Եվրոպայից ներմուծված դեղերը կարող են թանկանալ»

ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տնտեսվարողների մոտ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղերի բարձր գները պայմանավորված են ներմուծման բարձր գներով, քանի որ հաճախ արտադրողները տարբեր երկրներին նույն արտադրանքը տրամադրում են տարբեր գներով: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնում են, որ խնդրի լուծում կարող է լինել զուգահեռ ներմուծման համակարգը, որը ներկայումս լիաժեք չի գործում: Արդյունքում՝ մուտքի խոչընդոտներ են ստեղծվում՝ ինչպես ԵԱՏՄ տարածքից (մասնավորապես` Ռուսաստանից), այնպես էլ՝ երրորդ երկրներից էժան ճանապարհով դեղերի ներմուծման համար:

Պատճառն այն է, որ Հայաստանում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներմուծվող և գրանցված դեղերի միմյանց 100%-ով համապատասխանելը:

«Սա հեղափոխությունից առաջ էր դրվել շրջանառության մեջ, սակայն անորոշ ժամանակով հետաձգվել էր: Նոյեմբերի 15-ին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվելու: Հուսանք՝ երկու օրենքն էլ կանցնեն, եթե ոչ, ուրեմն կնշանակի, որ մաֆիան շարունակում է իր գործն անել: Մեծածախ առևտրով զբաղվողերին զուգահեռ ներմուծումը սա ձեռնտու չէ, սակայն շուկան այդպես չի զարգանում, մեծածախն ինչ գին ուզում, դնում է: Ամենակարևորը՝ պետք է լինի պետության կողմից դեղորայքի վրա գին սահմանելը: Զուգահեռ ներմուծում նշանակում է՝ եթե մի դեղը, որ բերվում է ՀՀ, հնարավոր է՝ տուփի երկու կողմն էլ անգլերեն է գրված, իսկ ՌԴ-ում նույն դեղի տուփի մի կողմը՝ անգլերեն, մյուսում՝ ռուսերեն գրված լինի, և, որպեսզի օրինակ ՌԴ-ից բերենք այդ դեղը, մեզ մոտ արգելվում է, համարվում է կեղծ դեղորայք: Հիմա, զուգահեռ ներմուծման արգելքը որ հանեն, դա նշանակում է, որ կապ չունի՝ ուզում ես գործարանից կամ երրորդ երկրից բեր, եթե տվյալ դեղի բաղադրությունը և անվտանգությունը համապատասխանում են, տվյալ գործարանի արտադրանք է, թույլ է տրվում վաճառքի, որը կբերի ուժեղ մրցակցության:

Հայաստանյան շուկայում դեղորայքը գնալով էժանանում է, ոչ թե թանկանում, որովհետև երկու տարի է՝ մրցակցություն կա: Եվ, եթե զուգահեռ ներմուծման արգելքը հանվի, ավելի կէժանանան, որովհետև մրցակցությունը կուժեղանա: Այլ հարց է, որ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո ուզում են սակագներն այնպես անել, որ գրանցման թվերը հավասարվեն, բայց ՌԴ-ում, Ղազախստանում, Բելառուսում դեղերը Հայաստանից էժան են: Այդ երկրներում ավելացված արժեքի հարկը՝ 10, իսկ մեզ մոտ՝ 20 տոկոս է: Եվրոպայից ներմուծված դեղերը, մի փոքր կարող է թանկանան, եթե մաքսատուրքը բարձրացնեն»,- 168.am-ի հետ զրույցում պնդեցին դեղ ներմուծողներն ու դեղատների ներկայացուցիչները:

Անդրադառնալով դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների մեծածախ և մանրածախ գործունեությունները տարանջատելուն՝ նրանք նշեցին, որ առանձնացնելու դեպքում դեղերի մեծածախ առևտրով զբաղվողները պարտավոր են իրենց, ասենք, 100 դեղատան համար տարբեր անուններով հիմնարկներ բացել:

«Այստեղ լրացուցիչ ծախսեր են կատարում, և պարզ է, որ դեղորայքը կթանկացնեն՝ որպես ներկրող: Սակայն, եթե զուգահեռ ներմուծման արգելքը հանեն, այդ ժամանակ արդեն փոքր ֆիրմաները, որոնք «խեղդվում» էին, կարող են զուգահեռ այդ դեղը բերել»,- ընդգծեցին նրանք:

Ինչ վերաբերում է դեղերի ներմուծմանը, ընկերությունների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ բոլոր երկրներից էլ դեղեր բերվում են: Գերիշխում է եվրոպականը, ռուսականը, ապա նոր՝ հայկականը:

«Եգիպտոսից, Պակիստանից, Հնդկաստանից էլ ունենք դեղեր, բայց բոլոր օրիգինալ դեղերը եվրոպականներն են: Օրիգինալն այն դեղորայքն է, որը 10 տարի կլինիկայում անցնում է փորձաքննություն: Շուկայում վաճառելուց, եկամուտներ ստանալուց հետո տվյալ պատրաստուկը վաճառում է երկրորդ, երրորդ կարգի երկրների վրա: Այսինքն, տեխնոլոգիան վաճառում է, ասենք, Եգիպտոսին, որ արտադրի դեղը: Եգիպտոսն արդեն արտադրում է ուրիշ անվանումով: Բայց տեխնոլոգիան ոչ լրիվ են պահպանում, երկրորդական հումք են առնում, և այլն, ու որակը զիջում է օրիգինալ դեղի որակին: Սակայն, այստեղ կա ժողովրդի՝ դեղ գնել կարողանալու գործառույթը. եթե օրիգինալն արժե 10.000 դրամ, ապա ոչ օրիգինալը 500-1500 է, ու շատերը նախընտրում են մատչելին: Ինչ վերաբերում է հայկական դեղերին, ապա որակյալ են, անգամ եվրոպական երկրներ, ԵԱՏՄ են արտահանվում: Ճիշտ է, ժողովուրդը դեռ այնքան էլ չի գնում տեղական դեղերը, բայց օգտագործողները շատ գոհ են»,- ընդգծեցին նրանք:

Հավելենք, որ ՏՄՊՊՀ փոխանցմամբ՝ դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերով նախատեսվել է տարանջատել մեծածախ և մանրածախ իրացման գործընթացները, ինչը դրական ազդեցություն կունենա մրցակցային միջավայրի վրա: Մասնավորապես՝ հնարավորություն կստեղծվի բացահայտել և կանխարգելել նրանց կողմից խտրական դրսևորումներն այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:

Այսպիսով՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:

168.am