Սամվել Ֆարմանյանը հերքում է Արսեն Խառատյանի հայտարարությունը. վերջինս անուններ չի տալիս

Օրերս ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, անդրադառնալով վերջին օրերի՝ վարչապետի տրանսատլանտյան չարտերային թռիչքին ու դրա արժեքին վերաբերող աղմկահարույց թեմային, մասնավորապես գրել էր.

«Անվճար սիրալիրություններն ավելի թանկ են նստելու, քան` ինքնաթիռ վարձակալելը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության ՄԱԿ-ի 74-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու համար վարձակալված ինքնաթիռը թեմա է դարձել որոշ կայքերի համար: Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի որոշում է կայացվել, հիմա ասեմ, թե ինչու.

Այս պահին Հայաստանի ղեկավարին սպասարկող «борт номер 1»-ը ձեռք է բերվել 2008-ին, վարկային միջոցներով: Airbus 319 ինքնաթիռը օվկիանոսի վրայով թռչել չի կարող, ուստի մի կտորով ԱՄՆ հասնելու համար այս կարողությունն ունեցող օդանավի անհրաժեշտություն կա:

Հիմա հարց կառաջանա, իսկ ի՞նչ էր անում, օրինակ, Սերժ Սարգսյանը: Պատասխանեմ. նա հարցը լուծում էր աշխարհում անձնական ինքնաթիռ ունեցող մի քանի հայ գործարարների միջոցով, ինչն ակնհայտորեն պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին պարտքի տակ էր դնում, իսկ անվճար այս «սիրալիրությունից» կաշկանդվածությունը վստահաբար պիտի փոխհատուցվեր պետության և դրա շահի հաշվին: Ինձ համար երկրի ղեկավարի անվտանգությունը՝ հատկապես արտաքին տարածքում, թիվ մեկ գերակայություն է, բայց պակաս կարևոր չէ, այսպես կոչված, անվճար սիրալիրություններից հրաժարվելը: Ուստի քանի դեռ մեր պետությունը չունի ՀՀ առաջին դեմքին աշխարհի որևէ անկյունում սպասարկելու հնարավորություն ունեցող «борт номер 1», ապա՝ այո, ավելի լավ է մեր բյուջեի հաշվին անհրաժեշտ օդանավ վարձակալելով լուծենք խնդիրը, քանի որ համոզված եմ, որ անվճար սիրալիրությունները հետո շատ ավելի թանկ են նստելու մեր ու մեր պետության վրա…»։

Պարզելու համար, թե, ի վերջո, տրանսատլանտյան թռիչքները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս և ո՞ւմ միջոցներով էր կատարում, 168.am-ը դիմեց 2008-2010թթ. ՀՀ երրորդ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանին։

«Ցանկացած հարց պարզելու, ճշմարտությունը բացահայտելու իր մեթոդոլոգիան ունի։ Հանրապետության նախագահների՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած՝ Արմեն Սարգսյանով և վարչապետ Նիկոլ Փաշինյանով, պաշտոնական, այդ թվում՝ տրանսատլանտիկ գործուղումները (Լատինական Ամերիկայի երկրներ, ԱՄՆ, Կանադա) կատարվում են համապատասխան հրամանագրի հիման վրա։ Եվ այդ ամեն ինչն ապահովվում է հրամանագրով ենթադրվող կարգով՝ չվերթերի կազմակերպում, գործուղման հետ կապված այլ ծախսերի ապահովում և այլն»,- ասաց Սերժ Սարգսյանի նախկին խոսնակը։

Վերջինս հուշում է, որ ընդամենը պետք է դիմել ՀՀ Ֆինանսների նախարարություն, ուր արխիվները պահպանված են, ու համալիր ճշտել՝ երբևէ Հայաստանի որևէ ղեկավար մասնավոր վարձակալած կամ այլ եղանակով չարտերային գործուղման մեկնե՞լ է ԱՄՆ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։

«Ես՝ որպես մարդ, ով մշտապես նախագահի հետ ի պաշտոնե մեկնել է գործուղումների, եղել է պատվիրակության կազմում, կարող եմ ասել, որ նման դեպք, իմ տեղեկություններով, չի եղել։ Հայկական պատվիրակությունները սովորաբար, հաշվի առնելով, որ նախագահական ինքնաթիռը կամ թիվ 1 բորտը, շարժիչի հզորությամբ պայմանավորված, երկարատև թռիչքներ, ցավոք, չի կարողանում իրականացնել, մեկնել են Փարիզ կամ եվրոպական այլ քաղաք, որտեղ թիվ 1 բորտը կայանվել է, և այնտեղից Ֆրանսիական կամ այլ ավիաուղիների ինքնաթիռով մեկնել է գործուղման վայր»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը։

Վերջինս հավելեց, որ ասիական ուղղության պարագայում, քանի որ տարածությունը գրեթե նույնքան է, բայց միջանկյալ վայրէջքի հնարավորություն կա, սովորաբար միշտ այդ ինքնաթիռներն իջել էն Նյու Դելիի օդանավակայանում, լիցքավորվել ու շարունակել են թռիչքը, ինչպես, օրինակ, Ճապոնիա գործուղման ժամանակ, և անկախ նրանից, թե ում դուր սա կգա, ում՝ ոչ, իրականությունը սա է։

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ որևէ տեսակետ հայտնելիս, թե, օրինակ, որքանո՞վ է հիմնավոր 350 000 դոլար արժողությամբ մասնավոր չվերթ վարձել ԱՄՆ գործուղման համար, պետք է մի քանի պարամետրեր նայել։ Առաջին՝ պատվիրակության կազմում քանի՞ հոգի են եղել, և այդ պատվիրակության կազմը պետբյուջեի միջոցներով, ինչպես արվել է, թիվ 1 բորտով մեկնեին Փարիզ ու այնտեղից՝ ԱՄՆ, ընդհանուր ծախսերը որքա՞ն կկազմեին։ Կարևոր է հաշվի առնել նաև այցերի, այցելությունների ժամանակացույցը, և այլն»,- մեկնաբանեց Սամվել Ֆարմանյանը։

Սակայն, ըստ նրա, այն, որ խնայողությունների, պետական բյուջեի միջոցները չվատնելու կարգախոսներով ձևավորված իշխանությունը տասնապատիկ ավելի ուշադիր պետք է լիներ այդ խնդիրները պարզելու և հանրամատչելի ներկայացնելու հարցում, անկասկած է, ինչը չի արվել։

«Պարզ տրամաբանությունն ու մամուլում հանդիպած նախնական հաշվարկները հուշում են, որ այդ պատվիրակության Փարիզ-Լոս Անջելես-Սան Խոսե-Նյու Յորք մեկնումներն ու վերադարձն այդ գինը չի արժենա։ Այսինքն՝ ակնհայտորեն ավելի շատ միջոցներ են ծախսվել, քան կարելի էր ծախսել։ Ընդ որում, խոսքը չի գնում այն մասին, որ Հանրապետության վարչապետը պետք է էկոնոմ դասով թռչի, բանական է, որ կամ բիզնես կամ առաջին դասով պետք է թռչի»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։

Նա նկատեց, որ, եթե ցանկանում են հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է արել, որ 350 000 դոլարանոց չվերթ է պատվիրել, թող ուրիշ բացատրություններ գտնեն։ «Եվ հետո՝ ամենակարևորը և ամենապարադոքսալն այստեղ հետևյալն է. դիցուք, ընդունենք՝ իբր նախկինում նման բան արվել է։ Հիմա դա լա՞վ է, թե՞ ոչ։ Այսինքն՝ կրկնում ենք նույն վա՞տը, թե՞ լավ էր, հիմա էլ մենք ենք անում։ Բայց իրականում փաստը մնում է փաստ, որ նախկինում նման բան չի եղել»,- եզրափակեց Սամվել Ֆարմանյանը։

168.am-ն իր գրառման վերաբերյալ լրացուցիչ ճշգրտումների համար կապ հաստատեց նաև Արսեն Խառատյանի հետ՝ խնդրելով նշել այն օլիգարխների անունները, որոնք, իր ասելով, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կազմակերպել և իրենց միջոցներով իրականացրել են երրորդ նախագահի տրանսատլանտյան թռիչքները։

– Պարոն Խառատյան, Դուք օլիգարխների անուններ կամ Ձեզ հայտնի փաստեր կնշե՞ք, ովքեր իրականացրել են Սերժ Սարգսյանի տրանսատլանտյան թռիչքները։

– Ոչ։

– Իսկ ինչո՞ւ։

– Իրենք գիտեն։

– Իրենք գիտեն, մենք չգիտենք, հասարակությունը չգիտի։

– Չեմ ուզում, ցանկություն չունեմ, քոմենթ չունեմ այս մասով։ Այն, ինչ որ ասել եմ, ասել եմ։

– Այսինքն՝ Դուք հրաժարվում եք մեկնաբանել Ձեր հայտարարությունը։

– Չեմ հրաժարվում։ Ասում եմ՝ այն, ինչ որ ասել եմ, ասել եմ…

168.am