«Լա’վ, բայց քրեակա՞ն…, ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում». Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հետապնդում է որակել իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Երկու հոգու արձակուրդ տրամադրելու զավեշտալի քրեական գործը միայն հավաստում է, թե որքան արդար ենք աշխատել. շնորհակալությո՛ւն ՀՊՏՀ նոր ղեկավարությանը:

Ինչպես հայտնի է, ՀՊՏՀ նոր ղեկավարությունից ինձ «ընկեր» ներկայացողները մի քանի անգամ նշել էին, որ «ֆինանսական խախտումներ» են բացահայտել և պատրաստվում են դրանք ներկայացնել համապատասխան մարմիններին: Թե ինչու են դա անում, կարծում եմ՝ ակնհայտ է բոլորի համար:

Եվ այսպես՝ ցնդաբանական «խախտումները», յուրաքանչյուր հաջորդ փուլում ֆիլտրվելով և նոսրանալով, հասել են Քննչական կոմիտե՝ հետագա քննության նպատակով:

Դրանք, ըստ էության, բաղկացած են 2 դեպքից.

1. Ինչպե՞ս կարող էի տրամադրել ամենամյա վճարովի արձակուրդ իմ մտերիմը համարվող 2 աշխատակցի. չէ՞ որ նրանց անընդհատ աշխատանքի վեց ամիսը դեռևս չէր լրացել:

Հարգելինե՛րս, եթե իհարկե իսկապես չեք հասկանում, ուշադի՛ր կարդացեք Աշխատանքային օրենսգիրքը, որը ոչ միայն «որպես կանոն» ձևակերպմամբ արդեն իսկ չի արգելում արձակուրդի տրամադրումը, այլև հստակորեն սահմանում է, որ աշխատողի խնդրանքով արձակուրդը կարող է տրամադրվել կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Իսկ վերջինիս մեջ մատչելի հայերենով գրված է՝ ԳՈՐԾԱՏՈւԻ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅԱՄԲ՝ այլ դեպքերում (տե՛ս կից նկարները):

2. Ինչպե՞ս կարող էր իմ պաշտոնավարման ընթացքում աշխատանքի ընդունված և իմ մտերիմը համարվող աշխատակիցը պարգևատրում ստանալ:

Ցանկանում եմ տեղեկացնել հասարակությանը, որ հերթական պարգևատրումը ստացել են բոլոր հիմնական աշխատակիցները՝ ԱՆԽՏԻՐ: Ավելին՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ պարգևատրումը՝ որպես աշխատակիցների խրախուսման ձև, կիրառվել է բոլոր նախորդ տարիներին, և այդ ավանդույթն ընդամենը չի խախտվել:

Լա’վ, բայց քրեակա՞ն…, ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը հնարված է ՀՊՏՀ նոր ղեկավարության կողմից՝ հասարակության մեջ ինձ բացասական կերպով ներկայացնելու համար։

Հրավիրում եմ մեր բոլոր գործընկերների, ուսանողների, շրջանավարտների, մամուլի և ամենակարևորը՝ պատասխանատու մարմինների ուշադրությունը այս ամոթալի և հուսահատ հետապնդմանը»: