Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձը կփոխհատուցվի՞

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների շրջանում անորոշություն կա, թե որքան է, ի վերջո, կազմելու իրենց ուսման վարձի զեղչը: Այս հարցի պատասխանը չունեն նաեւ երկու եւ ավելի երեխաների ծնող ուսանողները:

Հայտնի է, որ նշված խմբերի վարձավճարի փոխհատուցումն իրականացվում էր Երիտասարդական հիմնադրամի միջոցով, որը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, սեպտեմբերին լուծարվելու է: Հիմնադրամից դեռեւս միայն ոչ պաշտոնապես տեղեկացրին, որ լուծարման գործընթացը շարունակվում է, ու չի բացառվում, որ մինչեւ դրա ավարտը փոխհատուցումներն իրականացվեն: Նշեցին, որ խնդրի շուրջ քննարկումներ են անցկացվում կրթության նախարարության հետ եւ խոստացան մանրամասն տեղեկություններ տրամադրել վերջնական որոշում լինելուց հետո:

Ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու երկու եւ ավելի երեխա ունեցող ուսանողները Երիտասարդական հիմնադրամի միջոցով մինչեւ այժմ ստացել են ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում: Նախկին զինծառայողներին տրամադրվել է 20 տոկոս, իսկ երեխաներ ունեցող ուսանողների վարձավճարը փոխհատուցվել է ամբողջությամբ:

Կրթության նախարարությունը նույնպես չի շտապում պարզաբանել, թե վերոնշյալ խմբերի ուսանողները ինչպես են ստանալու՝ նախկինում տրամադրված փոխհատուցումը կամ ստանալո՞ւ են արդյոք: Այս հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու մեր փորձերը երեք օր է՝ անհաջողության են մատնվում: Կրթական գերատեսչությունից առայժմ փոխանցել են ընդհանրական տեղեկատվություն, որը վերաբերում է բուհերում կիրառվող զեղչերի չափերին ու սկզբունքներին: Այդ խմբերի մեջ նաեւ ներառվում են մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները, որոնց պետք է տրամադրվի առնվազն 30 տոկոս զեղչ: Ապրիլյան պատերազմի մասնակիցներին տրամադրվող փոխհատուցումը, փաստորեն, սրա հետ միասին կազմում էր 50 տոկոս:

Բուհը վճարովի համակարգում սովորող ուսանողների առնվազն 10 տոկոսին  վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով պետք է տրամադրի ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը: Ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողները պետք է դիմեն միայն բուհին:

Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրվում է

գ   18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչեւ 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս

գ  23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս

գ  մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս

գ  երեք եւ ավելի անչափահաս կամ երեք եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս

գ  1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս

գ  մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս

գ  սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս

գ  սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս:

Սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը: Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն սկսած երկրորդ կիսամյակից:

Ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են բուհերում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի պարապմունքների սկզբին նախորդող եւ հաջորդող 2 շաբաթների ընթացքում: Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ զեղչերի կիրառման վերաբերյալ համապատասխան գրությունն ուղարկվել է նաեւ բուհերին: Դա արվել է ընթացիկ շաբաթվա երկուշաբթի: Այսինքն՝ այն ժամանակ, երբ զեղչի համար դիմելու հնարավոր չորս շաբաթից երեքն արդեն անցել էր:

Բուհերից, սակայն, մեզ վստահեցրին, որ զեղչի իրավունք ստանալու համար ուսանողների դիմումներն ընդունելը կամ մերժելը չի պայմանավորվում նախարարության գրության հետ, որ ուսման վարձի փոխհատուցման պահանջը սահմանվում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքով եւ հետեւաբար ուսումնական հաստատությունները պարտավոր են այն կիրառել անկախ ամեն ինչից, իսկ կրթության նախարարության գրությունը, ուղղակի, հիշեցման կարգով է: Այսպիսի մեկնաբանություն ստացանք ինչպես Երեւանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչությունից, այնպես էլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից: Երկու բուհից էլ պատասխանեցին, որ ուսանողների դիմումների ընդունման գործընթացը ժամանակին սկսվել է ու դեռ չի ավարտվել, եւ դրանց քանակի վերաբերյալ ամփոփ տեղեկություն առայժմ չկա:

Հ.Գ. -1. Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրում է նաեւ պետությունը՝ որոշակի սոցիալական խմբերի ու որոշակի չափանիշների բավարարելու դեպքում:

Հ.Գ.-2 Երիտասարդական հիմնադրամը նախորդ տարի փոխհատուցում է տրամադրել Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 511 ուսանողի, ինչպես նաեւ երկու եւ ավելի երեխա ունեցող 31 ուսանողի:

armtimes.com