«Այնտեղ ոչինչ չէր գործում, լիֆտը փչացած էր, ոչինչ չէր աշխատում այդտեղ». Կարեն Ղազարյանը՝ Մարզահամերգային համալիրում ռեստորան կառուցելու մասին

Ոչինչ չէր գործում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի այն տարածքներում, որոնց տեղում պետք է լինի «Հայր և որդի Երեմյանների» ռեստորանը: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:

«Այնտեղ ոչինչ չէր գործում, լիֆտը փչացած էր այդ կողմի, ոչինչ չէր աշխատում այդտեղ»,- ասում է նա:

Մեր հարցին, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել հենց այդ ՍՊԸ-ն, տնօրենը պատասխանեց, որ մրցույթ է հայտարարվել:

«4-5 կազմակերպության միջև ընտրություն է կատարվել: Ընտրվել են իրենք, քանի որ ամենահուսալիներն են, Հայաստանում մինչև այսօր իրենց արած բոլոր նախագծերը ստացվել են, իսկ Մարզահամերգային համալիրի հարցում ռիսկերի գնալ չի կարելի»:

Մարզահամերգային համալիրի տարածքում նման ծրագիր իրագործելու գաղափարը Կարեն Ղազարյանինն է, նա նպատակ ունի այս կերպ համալիր եկող ֆինանսական հոսքերը կայունացնել:

«Վարձավճարների 20 տոկոսը լինելու է Համալիրի ծառայությունների համար, իսկ 80 տոկոսը գնալու է պետությանը, ինչպես ցանկացած ՊՈԱԿ-ինը»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 1-ին հարկից 246.6 քմ և 9-րդ հարկից 529.4 քմ մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ըստ հիմնավորման՝ վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 մլն դրամ, որի 20%-ն ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80%-ը՝ ՀՀ պետական բյուջե:

Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

Սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու և ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 %-ի չափով:

Նշված տարածքում կհիմնվի նոր ռեստորան:

168.am