«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը։ Մեկ ամիս առաջ այդ թիվը 601.000 էր, և երեկ նոր թարմացված տվյալներ ուզեցինք, և վերջին թիվը՝ աշխատողների թիվը, գերազանցել 604 հազարը, ինչը, կարծում եմ, շատ կարևոր նախադրյալ է»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հստակեցրեց, որ 2018-ի մայիսի 20-ի համեմատ՝ այսօրվա դրությամբ նոր բացված աշխատատեղերի թիվը 64899 է:
Ն.Փաշինյանը նշեց, որ սկզբում աշխատատեղերի թվի ավելացումը կապվում էր աշխատողների գրանցման հետ, բայց չկա մեխանիզմ՝ նոր ստեղծված և ստվերից դուրս եկած աշխատատեղերը տարբերակելու համար։ Նա նկատեց, որ մեկնաբանությունների լայն տեղ կա, բայց պետք է արձանագրել, որ վերջին 1 տարում ՀՀ-ում աշխատատեղերի աճը 64 հազարից ավելի է, և սա կանխատեսում չէ, այլ գործատուների ներկայացրած փաստ։