Մենք մանդատ, իրավասություն չունենք խոսելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից. Զոհրաբ Մնացականյան

Առաջին անգամ չէ, որ մեր դիվանագիտական հավաքի ժամանակ բոլոր դիվանագետները մեկնում են Արցախ: Դա դեսպանահավաքների կարևոր մասերից է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով կարևորեց Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների համատեղ աշխատանքը:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Արցախում հանդիպումների ժամանակ բնականաբար անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, թե միջազգային օրակարգի այլ հարցերի, որոնք առնչություն ունեն Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերակայությունների հետ:

Մնացականյանը նշեց նաև, որ ինքը կանոնավոր կերպով աշխատում է Արցախի ԱԳ նախարարի հետ. «Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի յուրաքանաչյուր փուլն ունի այդ հատվածը, որը վերաբերում է մեր երկխոսությանը, խորհրդակցությանը՝ ճշգրտելու ու հստակեցնելու Հայաստանի, Արցախի և մեր ընդհանուր մոտեցումները: Դա արտահայտում է նաև այն իրողությունը, որը նաև մաս է մեր բանակցային գործընթացի, թե ինչու Արցախի որոշիչ ձայնի և ներգրավվածության հարցը նշանակություն ունի մեզ համար, որովհետև մենք մանդատ, իրավասություն չունենք խոսելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: Դրա համար ենք պնդում, որ բանակցային գործընթացում Արցախի ընտրված իշխանությունների մոտ սեփականության զգացումի ուժեղացումը պրակտիկ, պրագմատիկ նշանակություն ունի, որը միտված է բանակցային գործընթացն ավելի արդյունավետ դարձնելուն»:

Analitik.am