«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է Կառավարություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը:
Առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
«Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները չեն օգտվում սույն մասի 1-ին պարբերությամբ նախատեսված իրավունքից: Նախագծով նախատեսվել է նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ստեղծում, որը կիրականացնի դատավորի հերթական և արտահերթ գնահատումը:
Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջը Նախագծի լրամշակված տարբերակից հանվել է:
Լրամշակված նախագծի նոր կարգավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ նախկին նախագծի տարբերակին այստեղ: