Գիտնականները նշել են, թե ինչ վտանգավոր հիվանդություններ կարող են զարգանալ ճարպակալման հետևանքով

Ճարպակալումը ներկայում ամենատարածված խնդիրներից մեկն է, սակայն մարդիկ հաճախ թերագնահատում են այս խանգարման վնասակար ազդեցությունը: Cancer Research UK բրիտանական բարեգործական կազմակերպության մասնագետները ճարպակալումը համեմատել են ծխախոտի չարաշահման հետ՝ նշելով, որ օրգանիզմում ճարպի ավելցուկը նույնքան վնասակար ազդեցությունը է ունենում, որքան ծխախոտի քաղցկեղածին ծուխը:

Գիտնականներն արդեն ապացուցել են, որ ճարպակալումը կարող է նպաստել քաղցկեղի 4 տեսակի զարգացմանը: Այդ տեսակներն են երիկամների քաղցկեղը, լյարդի քաղցկեղը, աղիների քաղցկեղն ու ձվարանի քաղցկեղը: Սա պայմանավորված է նրանով, որ ճարպակալումը հանգեցնում է հորմոնալ խանգարման, ինչի արդյունքում օրգանիզմում սկսում են շատ արագ բարձրանալ ինսուլինի ու էստրոգենի մակարդակները: Այս ամենի հետևանքով բարձրանում է բորբոքումների զարգացման հավանականությունը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում բջիջների կիսման գործընթացի վրա: Հենց այս գործընթացում տեղի ունեցող խանգարումներն էլ հանգեցնում են քաղցկեղի զարգացման:

Ինչպես հաղորդում է med2.ru կայքը, այժմ գիտնականներն ուսումնասիրում են ճարպակալման ազդեցությունը ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձի, արգանդի, թոքերի ու ոսկրածուծի վրա:

Tert.am