Գարիկ Մուրադյանը սպասում էր ինքնաթիռի թռիչքին, որով պատրաստվում էր Եկատերինբուրգ մեկնել։ Սակայն պատահարը, որի ակամա մասնակիցը դարձավ նա, «հերոսացրեց» Գարիկին։ Օդանավակայանում այժմ նրան որպես «մեր ժամանակների հերոս» են անվանում։
Չելյաբինսկի բնակիչ Գարիկ Մուրադյանը միանգամից մի քանի հոգու կյանք է փրկել. նրան հաջողվել է կանգնեցնել առանց վարորդի ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենան։ Միջադեպի մասին հաղորդում է Մինվոդիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, որտեղ տեղի է ունեցել այդ ամենը։
Օգոստոսի 16–ին Մուրադյանը ժամանել էր օդանավակայան, որպեսզի մեկնի Եկատերինբուրգ։ Չվերթին սպասելիս Մուրադյանը նկատել էր, որ «Նիվան», որի ղեկին վարորդ չկա, հանկարծ սկսել է ընթանալ թռիչքի տերմինալի ուղղությամբ, որտեղ գտնվել են մի քանի ուղևորներ։Ավտոմեքենան, դուրս գալով մայթ, կանգ չի առել և շարունակել է ընթանալ մի խումբ կանանց և 9 տարեկան տղայի կողմը։ «Գարիկը, հասկանալով իրավիճակի լրջությունը, իրեն չի կորցրել և նույն վայրկյանին նետվել է կանգնեցնելու ավտոմեքենան` հընթացս նախազգուշացնելով կանանց և երեխային վտանգի մասին», – նշված է հաղորդագրության մեջ։Անվախ տղամարդու գործողությունների շնորհիվ անկառավարելի մեքենան հաջողվել է կանգնեցնել և խուսափել ողբերգությունից։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Մուրադյանը վնասել է ուսը ավտոմեքենան կանգնեցնելու փորձի ժամանակ։
Խիզախ քայլի համար օդանավակայանի մամուլի ծառայությունը ուղևորների և աշխատակիցների անունից շնորհակալություն է հայտնել Գարիկին։
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները աշխատանքներ են տանում միջադեպի մանրամասները բացահայտելու համար։ Նրանք արդեն հայտնաբերել են վարորդին, որը կայանել է «Նիվան» և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել` տրանսպորտային միջոցի հանկարծակի ընթացքը բացառելու համար։