Թողեք էդ մարդն իր մահով մեռնի. Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է. Սեյրան Սարոյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է։ Այս մասին ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հայտնեց իր` Էջմիածնի տանն անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր մամուլում լուրեր էին հայտնվել, թե ոստիկանները հետախուզել են Սարոյանի տունը, իսկ նա հասցրել է փախչել հետնամուտքով։ Սարոյանը հենց այս առիթով էլ ասուլիս էր հրավիրել ու հերքել այդ լուրերը։«Սուրիկ Խաչատրյանը Եվրոպայում է։ Նա շատ ծանր օպերացիա է տարել, շատ վատ վիճակում է։ Սիրտը թազա օպերացիա են արել։ Մինչ էս Փարիզում սրտի կլապանը մի անգամ փոխել էին, հետո ատկազ արեց, ու հիմա նորից վիրահատեցին։ Մինչև հիմա կոմայի մեջ է»,–ասաց նա։Նրա խոսքով` այս պահին էլ Խաչատրյանը Փարիզում է։

Հարցին, թե շարունակո՞ւմ է մտերմություն անել Սուրիկ Խաչատրյանի հետ` Սարոյանը պատասխանեց, թե ճիշտ կլինի` Սուրիկ Խաչատրյանին հանգիստ թողնեն.«Թողեք էդ մարդն իր մահով մեռնի, գործ չունեք, մեղկ է»։Նշենք, որ երկար տարիներ Սյունիքի մարզպետն է եղել Սուրիկ Խաչատրյանը, որին մեղադրում էին կամայականությունների մեջ։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Խաչատրյանը ղեկավարել է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային բաժինը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։