Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը քիչ առաջ ազատ արձակվեց։ Նման որոշում քիչ առաջ կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով պաշտպանական կողմի՝ խափանման միջոց կալանքը պատգամավորական անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը։
Թաթուլ Շուշանյանի համար արդեն երկրորդ անգամ անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը և Արտյոմ Ծառուկյանը։ Դեռ ամիսներ առաջ նույնաբովանդակ երաշխավորություն ներկայացնելով, պատգամավորները երաշխավորել էին, որ ազատության մեջ հայտնվելով, Շուշանյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի դատարան ներկայանալուց և չի խոչընդոտի դատաքննության ընթացքին։
Նախորդ նիստին խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը ներկայացնելիս, պաշտպան Հայկ Ալումյանը մատնանշել էր այն հանգամանքը, որ Թաթուլ Շուշանյանը, երկու անգամ հայտնվելով ազատության մեջ երբևէ չի խոչընդոտել դատաքննության պատշաճ ընթացքին և որևէ ձևով չի ազդել գործով անցնող վկաների վրա։
«Անցել է բավականին ժամանակ, ինչն իրենից ենթադրում է, որ վերացել է գործով անցնող վկաների նկատմամբ ենթադրյալ ճնշում գործադրելու ռիսկը: Մեղադրանքի կողմի դատակոչած վկաների մեծ մասն արդեն իսկ հարցաքննվել են, ուստի պաշտպանյալիս ազատության մեջ հայտնվելը որևէ ազդեցություն չի ունենա վկաների վրա: Դատարանին խնդրում եմ պատրվակներ չփնտրել, եթե իրական պատճառ կա, որ գործով վկաների նկատմամբ հնարավոր է ճնշում գործադրվի կամ ահաբեկվեն նրանք, ապա դրա համար այլ գործիքակազմ կա՝ վկաների նկատմամբ կիրառել պաշտպանության միջոցներ:
Բացի վերոնշյալից, հաշվի առնենք, որ դատական գործընթացն արդեն վաղուց չի ընթանում ողջամիտ ժամկետներում, ուստի միջնորդում եմ խափանման միջոց կալանքը փոխարինել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Արտյոմ Ծառուկյանի անձնական երաշխավորությունը»,- նշել էր պաշտպան Ալումյանը:
Միջնորդության վերաբերյալ մեղադրանքի կողմը դիրքորոշում հայտնեց միայն այսօր, որի ժամանակ պարբերաբար լարված դրություն եղավ դահլիճում գտնվող անձանց, անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի միջև։
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ։ Նա կարծիք հայտնեց, որ խափանման միջոց կալանքից բացի այլ խափանման միջոց կիրառելու դեպքում կխախտվի արդարադատության շահերը, ուստի ներկակացված միջնորդությունը ենթակա է մերժման։
Տուժողի իրավահաջորդի ներկակացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ զարմացած է պաշտպանական կողմի նմանօրինակ միջնորդությունից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը մեկ անգամ արդեն մերժել է։ Անդրադառնալով երաշխավորողների դիմումներին, փաստաբանն ընթերցեց պատգամավորներից մեկի դիմումը, դատարանի ուշադրությունը սևեռելով այն տողերին, որտեղ նշվում է՝ երկու անգամ հայտնվելով ազատության մեջ, իր գործունեությամբ ամբաստանյալը չի խոչընդոտել գործի հանգամանքների բացահայտմանը, որևէ ուղղակի կամ անուղղակի կերպով չի խոչընդոտել վկաների ցուցմունքներին, բացի դրանից, ԱԺ պատգամավորների նախկին երաշխավորությունից հետո հարցաքննվող երեք վկաները ի վնաս Շուշանյանի ցուցմունք չեն տվել։
«Ուզում եմ հասկանալ՝ պատգամավորն այս ամենը որտեղի՞ց գիտի, նրա կո՞ղքն է եղել, տեսե՞լ է վկաների վրա ազդել է, թե ոչ կամ որտեցի՞ց գիտի՝ նրանք Թաթուլ Շուշանյանի դեմ ցուցմունք տվել են, թե ոչ»,- իր դիրքորոշման մեջ նշեց Լուսինե Սահակյանը, կասկած հայտնելով, որ դիմումը գրել են ոչ թե պատգամավորները, այլ դատավարության մասնակիցներից որևէ մեկը։
Բացի դրանից, փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ վճարումը կատարվել է ոչ թե պատգամավորների, այլ Շուշանյանի եղբոր կողմից, որը, ըստ Սահակյանի, հակաօրինական է։
Թաթուլ Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանը, անդրադառնալով Լուսինե Սահակյանի նկատառումներին, նշեց՝ շուրջ երեքուկես ամիս է անցել նախորդ միջնորդությունից, այնինչ այս ընթացքում հարցաքննվել է ընդամենը երեք վկա, դատաքննությունը դանդաղում, ինչից տուժում է միայն ամբաստանյալը։ Բացի դրանից, պաշտպանական կողմը կարող է ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել խափանման միջոցի փոփոխման հարցը։
«Թաթուլ Շուշանյանը կալանքը տակ գտնվելով, ինչպե՞ս կարող է ապացուցել, որ ազատության մեջ հայտնվելով չի խոչընդոտի դատաքննությանը։ Շուշանյանը երկու անգամ ազատության մեջ հայտնվելով արդեն իսկ ապացուցել է, որ դրսևորում է պատշաճ վարքագիծ և չի խուսափում քննությունից։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե պատգամավորները որտեղից գիտեն վկաների ցուցմունքների մասին, ապա նշեմ՝ դատական նիստերն իմ կողմից ձայնագրվում են, ուստի պատգամավորները ցանկացած ժամանակ կարող են ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը»,- նշեց պաշտպանը։
Ալումյանն անդրադարձավ նաև Լուսինե Սահակյանի այն դիտարկմանը, թե երաշխավորության անդորրագրերի տակ Շուշանյանի եղբոր անունն է։ Ըստ պաշտպանի, դա չի նշանակում, որ գումարը պատգամավորների անձնական գումարը չի եղել։
«Պատգամավորները ժամանակ չեն ունեցել գնալ և անձամբ վճարում կատարել, ուստի դա արել է այլ անձ»,- պարզաբանեց Հայկ Ալումյանը։
Լուսինե Սահակյանը փորձեց հակադարձել Ալումյանին, ինչը վրդովեցրեց ինչպես դահլիճում գտնվող ներկաներին, այնպես էլ պատգամավորներին։ Փոխադարձ վիրավորանքների արդյունքում դահլիճում գտնվող երկու անձ դուրս հրավիրվեցին։ Դատարանը երկու կողմերին հանդարտության կոչ արեց։
Սահակյանը նշեց, որ դատարան ներկայացված անդորրագիրն անթույլատրելի է, որովհետև պատգամավորն անձամբ պետք է վճարում կատարի։ Դատարանն էլ իր հերթին հարց ուղղեց Լուսինե Սահակյանին՝ եթե երաշխավորի անունից մուծված լիներ գումարը, դատարանը մեխանիզմ ունե՞ր ստուգելու, թե դա ում գումարով է եղել։ Սահակյանն ընդունեց՝ ոչ, նման հնարավորություն չունի դատարանը։
Պաշտպան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Լուսինե Սահակյանի խոսքերն ակնհայտորեն միտված են նրան, որ երաշխավորողներն արձագանքեն և ստեղծվի այն տպավորությունը, որ պատգամավորները խանգարում են դատական նիստը։
Լսելով կողմերին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Միջնորդության բավարարելու մասին որոշումը հրապարակվեց երկու ժամ անց։
Հավելենք, որ գործով անցնող երեք ամբաստանյալներից երկուսը դեռ ամիսներ առաջ արդեն իսկ ազատության մեջ էին։ Թաթուլ Շուշանյանը ևս երկու անգամ ազատ էր արձակվել, սակայն նույն մեղադրանքով՝ կրկին կալանավորվել։
Հիշեցնենք, որ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդիում սպանված Կամո Փիրուզյանի գործով կաշառք ստանալու և մարդասպանին՝ Վլադիմիր Դավթյանին, համեմատաբար մեղմ մեղադրանք առաջադրելու համար։ Իսկ ՀԿԳ քննիչները մեղադրվում են իրենց պաշտոնեական լիազորությունները շահադիտական, կամ այլ նպատակներով չարաշահելու համար: Շուշանյանը շուրջ մեկուկես տարի տևած գործի քննության ընթացքում արդեն իսկ երեք անգամ կալանավորվել է:
Աղբյուրը՝ forrights.am